Անահիտ Մանասյանը այցելել է ՊՆ N զորամասի կանանց գումարտակ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 19-ին այցելել է ՊՆ N զորամասի կանանց գումարտակ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից։

«Այցի շրջանակում Պաշտպանը զորամասի հրամանատարության ուղեկցությամբ շրջայց է կատարել տարածքում, ծանոթացել կին զինծառայողների համար նոր կառուցվող շենք-շինություններին, դրանց կենցաղային պայմաններին և իրավունքների ապահովման վիճակին:

Կին զինծառայողների իրավունքների պաշտպանության և պատշաճ պայմաններում ծառայություն իրականացնելու տեսանկյունից Պաշտպանը դրական է գնահատում նոր ստեղծվող պայմանները։

Այցի շրջանակում Պաշտպանը հանդիպում ու առանձնազրույցներ է ունեցել գումարտակի կին զինծառայողների հետ, ովքեր ներկայացրել են իրենց ծառայողական առօրյան, բարձրացրել են ծառայության պայմանների լավարկման, իրենց իրավունքներին վերաբերելի մի շարք այլ հարցեր։

Պաշտպանը նշել է, որ կին զինծառայողների իրավունքների երաշխավորման, խտրականության բացառման և բնագավառին առնչվող այլ հարցերն իր անմիջական ուշադրության ներքո են»,-ասված է հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս