Բաժիններ՝

Կուբան դժգոհել է իր տարածքային ջրերում ամերիկյան սուզանավի հայտնվելու հանգամանքից

Կուբայի կառավարությունը հավանություն չի տալիս երկրի սահմաններում գտնվող Գուանտանամոյի ծոցում գործող ԱՄՆ ռազմածովային բազայում ամերիկյան USS Helena հարձակողական սուզանավի հայտնվելուն։ Այդ մասին հայտարարել է Ազատության կղզու փոխարտգործնախարար Կառլոս Ֆերնանդես դե Կոսիոն, որի խոսքերը մեջբերում է Cubadebate-ը։

«Մենք գիտեինք նրանց ներկայության մասին, քանի որ տարիներ շարունակ ձևավորված ընթացակարգի համաձայն ԱՄՆ-ը մեզ նախապես տեղեկացրել էր այդ այցի մասին։ Սակայն, մեզ ակնհայտորեն դուր չի գալիս մեր տարածքում նման միջոցների առկայությունն ու տարանցումը մեր ջրերով, քանի որ այն պատկանում է Կուբայի նկատմամբ պաշտոնապես և գործնականում թշնամական քաղաքականություն վարող պետությանը»,- հայտարարել է Կուբայի փոխարտգործնախարարը։

USS Helena-ն Գուանտանամոյի հանգրվանում է հայտնվել այն օրերին, երբ ռուսական մեկ սուզանավ և երեք ուղեկցող նավեր պաշտոնական այցով ժամանել են Կուբա։ Մինչ այդ ռուսական չորս նավերից բաղկացած մարտավարական խումբը, որի կազմում են «Կազան» միջուկային սուզանավը, «Ադմիրալ Գորշկով» ֆրեգատը, «Ակադեմիկոս Պաշին» մատակարարման տանկերը և «Նիկոլայ Չիկեր» փրկարար քարշակը, մասնակցել է Ատլանտյան օվկիանոսում բարձր ճշգրտության հրթիռների փորձարկման զորավարժություններին։ Այցի շրջանակներում ռուս նավաստիները հանդիպելու են Կուբայի ռազմածովային ուժերի հրամանատարությանը և մայրաքաղաք Հավանայի նահանգապետին։ Ամերիկյան Հարավային հրամանատարությունը USS Helena-ի հայտնվելը Գուանտանամոյում հիմնավորել է առօրյա առաջադրանքներ կատարելու անհրաժեշտությամբ։

CBS News-ը, վկայակոչելով ամերիկյան անանուն պաշտոնյաներին, հայտնում է, որ ԱՄՆ ռազմանավերը հետևելու են ռուսների այցին: Նշվում է, որ Վաշինգտոնը իրավիճակը չի դիտարկում որպես սպառնալիք, սակայն ամենևին էլ ավելորդ չի համարում ռուսներին հսկելը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930