Մենք միշտ կանգնած ենք եղել Հայ առաքելական եկեղեցու կողքին, իսկ ՔՊ-ն կրոնական կասկածելի աղանդներն օգտագործում է քաղաքական խնդիրների լուծման համար. Հայկ Մամիջանյան
ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանն անդրադարձել է Հանրային ՀԸ եթերում ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի այն հայտարարությանը, որ ՀՀ պաշտոնաթող նախկին նախագահները Հայ Առաքելական եկեղեցին օգտագործում են քաղաքական դիվիդենտների համար:
«Նախ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ որպես ազգային կուսակցություն, միշտ կանգնած է մեր եկեղեցու, բանակի, մեր պետության կողքին: Դա մենք բազմիցս ենք ապացուցել գործով, մեր հիմնադիր հայրերը՝ պատերազմի դաշտում, հետագայում՝ պետականաշինության գործում: Այնպես որ, նման մեղադրանք հնչեցնելը, իհարկե, ծիծաղելի է: Բայց ես կվերադարձնեմ:
Ռուբինյանն իր վերջին ստատուսներում մեկ ամիս անդադար նշում է, որ ինքը Հայ Առաքելական եկեղեցու հոտի անդամ է, եթե չեմ սխալվում, ինքը ժամանակին ՔՊ փոխնախագահն էր, իսկ ինքը ո՞նց է վերաբերվում նրան, որ իր հարազատ կուսակցությունը բազմիցս՝ թե՛ փողոցային գործողությունների, թե՛ ընտրական գործընթացների ժամանակ օգտագործել է ՀՀ-ում գործող կրոնական աղանդների հնարավորությունները քաղաքական նպատակների հասնելու համար: Այդ հարցին թող լավ պատասխանի:
Նորից եմ կրկնում՝ մենք երբևէ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին չենք փորձել օգտագործել՝ որպես դիվիդենտ, հակառակը՝ միշտ պաշտպանել, պաշտպանում և պաշտպանելու ենք այն որոշ անհայրենիք երևույթներից և գործողություններից: Իսկ այ, իրեն հարցնում եմ՝ ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ իր քաղաքական ուժը բազմիցս կասկածելի և ոչ կասկածելի ծագում և օրակարգ ունեցող կրոնական աղանդներն օգտագործում է քաղաքական այս կամ այն խնդիրների լուծման համար:
Եթե մի քիչ էլ ներվայնացնեն, ավելի մանրամասն այս հարցի շուրջ կխոսեմ, իրենց խորհուրդ կտամ դա չանել»,- նշել է Մամիջանյանը: