
Մինսկը հանգիստ է վերաբերվում Փաշինյանի իմպուլսիվ հայտարարություններին․ դիվանագետ

Բելառուսը հանգիստ է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի` Մինսկի վերաբերյալ իմպուլսիվ հայտարարություններին։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Բելառուսի դեսպանատան նախարար-խորհրդական Ալեքսանդր Շպակովսկին։
Հիշեցնենք, որ ասօր ԱԺ-ում Փաշինյանը հայտարարել է, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ երկրի որևէ պաշտոնյան չի այցելի Բելառուս, քանի դեռ այդ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է։ Դա պայմանավորված է Բելառուսի նախագահի երեք շաբաթ առաջ արված հայտարարություններով՝ կապված Լեռնային Ղարաբաղում պատերազմի հետ։
Փաշինյանի հայտարարությունից շատ չանցած` հայտնի դարձավ, որ Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների։
«Մենք հանգիստ ենք վերաբերվում Նիկոլ Փաշինյանի իմպուլսիվ հայտարարություններին, մենք շարունակում ենք հարգել եղբայրական հայ ժողովրդին, որի հետ Բելառուսը դարավոր պատմական կապեր ունի»,- գրել է Շպակովսկին։
Նա ընդգծել է, որ Բելառուսը չի միջամտում Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, ինչպես նաև Երևանի արտաքին քաղաքականությանը։
«Ելնելով փոխադարձության սկզբունքից՝ մենք նմանատիպ մոտեցումներ ենք ակնկալում մեր գործընկերներից և դաշնակիցներից, ուստի որոշակի տարակուսանքով էինք հետևում Հայաստանի ղեկավարության ներկայացուցիչների և բելառուսցի քաղաքական ծայրահեղականների առաջնորդների հետ շփումներին»,- գրել է նա։
Միաժամանակ դիվանագետը նշել է, որ գործընկերների և դաշնակիցների ընտրությունը պաշտոնական Մինսկի ինքնիշխան գործն է, և այս դեպքում «կամ-կամ» մոտեցումն անընդունելի է։ «Մենք համագործակցել ենք և կշարունակենք համագործակցել եղբայրական Ադրբեջանի հետ բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմատեխնիկական»,-հավելել է Շպակովսկին։