
Քուվեյթի բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհի 49 զոհերից 40-ը հնդիկներ են

Քուվեյթի Մանգաֆ քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում հունիսի 12-ին բռնկված հրդեհի 49 զոհերից առնվազն 40-ը հնդիկներ են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Հրդեհի հետևանքով ևս 50 հնդիկ վիրավորվել է․ նրանք բուժում են ստանում Քուվեյթի հիվանդանոցներում։
Ըստ հաղորդագրության՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հրահանգով երկրի պետնախարար Քիրթի Վարդհան Սինգհը մեկնել է Քուվեյթ՝ զոհերի աճյունները հայրենիք տեղափոխելու և վիրավորների բուժօգնության հետ կապված հարցերով։ Նա հայտնել է, որ կատարվում են ԴՆԹ թեստեր՝ զոհերին նույնականացնելու համար։
BBC-ն հաղորդում է, որ հրդեհված շենքում ապրում էին տասնյակ արտագնա աշխատողներ։
Ըստ տեղի լրատվամիջոցների՝ շենքում ապրում էր 196 աշխատող։ Ենթադրվում է, որ շենքը գերբնակեցված է եղել։
Բացի հնդիկներից, զոհերի շարքում են նաև Պակիստանի, Բանգլադեշի, Ֆիլիպինների և Նեպալի քաղաքացիներ։
BBC-ն նշում է, որ Քուվեյթի բնակչության երկու երրորդը բաղկացած է արտագնա աշխատողներից, և երկիրը մեծապես կապված է միգրանտների աշխատանքից, հատկապես՝ շինարարության և տնային տնտեսության բնագավառներում։
Մարդու իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունները բազմիցս մտահոգություն են հայտնել նրանց ապրելու պայմանների առնչությամբ։