Խաղաղության պայմանագիրը մենք պետք է կնքենք, ոչ թե այս մարդիկ, այս մարդիկ խաղաղություն են մուրում. Բագրատ սրբազան
168.am-ը Բագրատ Սրբազանից հետաքրքրվեց՝ Տավուշում իշխանությունները կարողացան իրագործել սահմանազատման իրենց նպատակները, արդյո՞ք Սրբազան շարժումը չպետք է վերանայի իր նպատակներն ու մարտահրավերները, ինչին ի պատասխան՝ նա ասաց, որ դա իրենց առանցքային վերլուծության թեման է:
«Նախ պետք է հստակ ասենք, որ այդ սահմանազատումը, սահմանագծումն այսպես կոչված է, այնտեղ ո՛չ սահմանազատում կա, ո՛չ սահմանագծում, այլ այնտեղ կան միակողմանի զիջումներ: Ոչ էլ զիջում, հանձնում ուղղակի, և մեր ընդվզումը հենց դրա մասին է: Եվ այս առումով մենք առաջին իսկ օրվանից ասել ենք, որ սա հակասահմանադրական է, ՀՀ սահմանադրությանը լրիվ հակասող հանցանք է, նաև՝ միջազգային սկզբունքներին հակասող է, և երաշխավորողների բացակայություն է, այնտեղ կա ուղիղ խոսակցություն, թելադրանք, պարտադրանք: Եվ սա միայն Տավուշով չի ավարտվում, և դեռ Տավուշում էլ չի ավարտվել, սա շարունակաբար տարածվելու է Հայաստանի վրա»,- նշեց նա:
Անդրադառնալով խաղաղության պայմանագրին, Սրբազանն ասաց, որ խաղաղության պայմանագիրը կնքվում է բանակցությունների միջոցով, ոչ մի բանակցություն չկա, այլ միայն թելադրանք և հարկադրանք, և, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի կնքման պայմաններ է առաջ քաշում ՀՀ սահմանադրության հետ կապված:
«Խաղաղության պայմանագիրը մենք պետք է կնքենք, ոչ թե այս մարդիկ, այս մարդիկ խաղաղություն են մուրում, ուղղակի դռնեդուռ ընկած մուրում են։ Նրանք այնտեղ ասում են՝ Սահմանադրությունը փոխեք, սրանք այստեղից ասում են՝ մեկ ամսից կարող ենք խաղաղություն կնքել, սա ի՞նչ է, բանակցությո՞ւն եք համարում»,- շեշտեց Սրբազանը:
Մեր մյուս հարցին ի պատասխան՝ Բագրատ Սրբազանն անդրադարձավ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպումներին։
Մանրամասները՝ տեսանյութում