«Ազնավուր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվել է Գյումրու համերգից «Տա լույս» երգչախմբի դուրս մնալու հարցը. փակագծերը դեռ չեն բացվում
Գյումրիում Երեխաների պաշտպանության օրը տեղի ունեցած աղմկահարույց միջադեպից 10 օր անց «Ազնավուր հիմնադրամից» չի հնչել որևէ պաշտոնական դիրքորոշում կատարվածի մասին: Տավուշի «Տա լույս» երգչախմբի փոքրիկներին անբեմ թողնելու ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանի ակցիան չի արժանացել այս հիմնադրամի կողմից որևէ գնահատականի:
168.am-ը հունիսի 1-ին տեղեկացրել էր՝ Գյումրու Թատերական հրապարակում 14:00-ին նախատեսված էր Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգ, որի բացմանը ելույթ էր ունենալու նաև Տավուշի թեմի «Տա լույս» երգչախումբը։ Երգչախումբը մասնակցում էր «Ազնավուր» հիմնադրամի հրավերով։
Այս համերգի համար ԿԳՄՍ նախարարությունը դեռ մայիսի 8-ին դրամաշնորհ է հատկացրել Ազնավուր հիմնադրամին. դրամաշնորհի պայմանագրի գինը կազմել է 42 միլիոն դրամ: Սակայն համերգի ժամը փոխել էին ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանի հրահանգով և մասնակիցներին նախատեսված՝ 14:00-ի փոխարեն՝ առաջարկել 12:00, ապա ապամոնտաժել էին Երեխաների պաշտպանության օրվան նվիրված համերգի բեմը, քանի որ հավանաբար տեղեկացել էին Բագրատ սրբազանի գլխավորությամբ դեպի Գյումրի շարժվող ավտոերթի մասին։
168.am-ը տավուշցի փոքրիկների տոնը «խլելու» այս միջադեպի առնչությամբ հունիսի 10-ին կապ հաստատեց «Ազնավուր» հիմնադրամի ներկայացուցիչների հետ՝ ճշգրտելու՝ լինելո՞ւ է արդյոք պաշտոնական դիրքորոշում:
Հիմնադրամի աշխատակից Տաթև Ղազարյանը հարկ համարեց միայն տեղեկացնել. «Այդ հարցը քննարկվել է մեր հոգաբարձուների խորհրդի նիստում, բայց իրավասու չեմ դա որևէ կերպ մեկնաբանել»:
Հարցին, թե ո՞վ է կարող՝ նա հստակեցրեց, որ ճշգրտելու կարիք ունի: Հաջորդ օրն արդեն մեր զանգերն անպատասխան մնացին:
Փորձեցինք կապվել հիմնադրամի փոխտնօրեն Կարինե Էվոյանի հետ. նա էլ տեղեկանալով, որ 168.am-ից լրագրող է զանգահարել, ասաց. «Շատ աղմկոտ վայրում եմ, կարո՞ղ եմ հետ զանգահարել»:
Մեր արձագանքը, որ երեկվանից ենք հիմնադրամից սպասում պատասխանի, մնաց անպատասխան. զանգն անջատվեց:
168.am-ը, ամեն դեպքում, հետևողական կլինի լսելու այս հիմնադրամի տեսակետը:
Հիշեցնենք՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, արձագանքելով ստեղծված իրավիճակին, շեշտել էր՝ այս իշխանությունն ամեն բան քաղաքականացրել է, ապա հավելել. «Դանիե՛լ Դանիելյան, դու պետք է ներողություն խնդրես քո արածի համար, դեռ համբերում եմ: Ծնողները Տավուշից վեր են կացել-եկել են, որ գան 2-ին հասնեն տեղ, դու ո՞նց ես ժամ փոխում. Ո՞վ ես դու: Պետական միջոցների վճարողն էլ ենք մենք. Հորդ տնի՞ց ես բերել այդ միջոցները»:
Դանիել Դանիելյանն այդպես էլ ներողություն չէր խնդրել, ընդամենն իրեն հարմար լրատվամիջոցի հետ զրույցում արձագանքել էր՝ Գյումրիում Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Երեխաների պաշտպանության օրվան նվիրված համերգը ոչ միայն չի չեղարկվել, այլ կայացել է հաջողությամբ։ Նրա ներկայացմամբ՝ եղանակային պայմաններն ու կիզիչ արևը ստիպել են, որ ժամի փոփոխություն արվի, քանի որ երեխաները փորձեր էին անում և դեռ պիտի նաև ելույթ ունենային։
Օրեր անց լրագրողների հետ զրույցում այս «թելը թելել էր» նաև ԿԳՄՍ նախարարը՝ հավելելով. «Համերգին չմասնակցելու որոշումը եղել է երգչախմբինը, և նրանք էլ կրում են պատասխանատվություն իրենց որոշումների համար»:
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել էր՝ նախարարությունը համերգի անցկացման համար հատկացրել է միջոցներ, իսկ համերգի կազմակերպիչն «Ազնավուր» հիմնադրամն է եղել. «Թե՛ նախարարությունը, թե՛ հիմնադրամը շահագրգիռ են, որ համերգը կայանա ամբողջ ծավալով ու նորմալ»: