«Կարեն Անդրեասյան փրոդաքշըն»-ում անկեղծ չեն. կալանավորված անձանց օրերով դատական նիստերի չտանելն այլ պատճառ ունի

Հունիսի 7-ին «Կարեն Անդրեասյան փրոդաքշըն»-ը նոր ֆիլմ թողարկեց՝ «Ինչի՞ց են բողոքում դատավորները» վերտառությամբ: 6.5 րոպե տևողությամբ ֆիլմի մեջ դատավորներ Արտուշ Գաբրիելյանը, Մերի Մոսինյանը, Վարդգես Ստեփանյանն ի խորոց սրտի պատմում էին, որ ուղեկցող դասակի քիչ լինելու պատճառով կալանավորված անձանց չեն կարողանում խցերից հանեն ու բերեն դատական նիստերի դահլիճ, ու այդ պատճառով նիստերը հաճախ հետաձգվում են:

Ուշագրավ ինքնախոստովանություն այդ ֆիլմի մեջ, այնուամենայնիվ, եղավ. Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) քրեական դատարանների խոսնակ Լիանա Ռաֆայելյանի ներկայացմամբ՝ այդ խնդիրը միշտ է եղել, սակայն սրվել է 2023թ. հետո:

Հետո ներկայացվեցին ուղեկցող դասակի քիչ լինելու պատճառները՝ անձնակազմի սակավություն, ցածր աշխատավարձ, տրանսպորտային միջոցների անբավարարություն, ապա խնդրի լուծման ուղիները՝ բնականաբար, ամեն ինչից խոսող ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանի գլխավոր դերակատարմամբ:

Բայց Դատական դեպարտամենտը թաքցնում է մի շատ կարևոր հանգամանք, և մինչև վերջ անկեղծ չէ այն հարցում, թե ինչո՞ւ, այնուամենայնիվ, կալանավորված անձինք օրերով չեն ներկայացվում դատարան, և ինչո՞ւ է առանց այն էլ սակավամարդ ուղեկցող գումարտակի թիվը որոշակի օրերին կատաստրոֆիկ կերպով նվազում: Եվ նույն այդ ֆիլմում նկարահանված դատավորները շատ լավ գիտեն այդ մասին:

Կարդացեք նաև

Բանն այն է, որ փողոցային ցանկացած թեթևագույն շարժման, բողոքի ակցիայի, էլ չենք խոսում՝ մեծ հանրահավաքների ժամանակ ոչ միայն մարզային ոստիկաններն են գրեթե ամբողջական անձնակազմերով բերվում Երևան, այլև ուղեկցող գումարտակի ոստիկաններին են լծում «հասարակական կարգ պաշտպանելու», իսկ իրականում Նիկոլ Փաշինյանի սրբազնագույն աթոռը պաշտպանելու նվիրական գործին:

Ոստիկանության պետ, գողական գնացող գեներալ Արամ Հովհաննիսյանը չգիտի՞ ինչի ուղեկցող գումարտակի տղաները չեն հասցնում կալանավորներին տանել դատական նիստերի դահլիճ… Իհարկե գիտի…

Ուղեկցող գումարտակի ոստիկաններն իրենք են խոստովանում, որ չեն կարող կալանավոր տանել դատական նիստերի, որովհետև բոլորին մտցրել են հերթապահության տակ:

Այնպես որ, Կարեն Անդրեասյանը լավ կանի՝ արջի ծառայություն չմատուցի ո՛չ իր գլխավերևում կախված լուսանկարի մարդուն, ո՛չ էլ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին: Էս երկրում շատերը շատ բան գիտեն:

Ի դեպ, այսօր փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ոստիկանները հրաժարվում են տնային կալանքի տակ գտնվող անձին ուղեցել բժշկական կենտրոն՝ պատճառաբանելով, որ միտինգներով պայմանավորված՝ ծանրաբեռնված են:

«Ոստիկանության համար անձի առողջական վիճակը որևէ նշանակություն չունի, կարևորը միտինգի վայրում գտնվել է»,- հավելել էր նա:

Տեսանյութեր

Լրահոս