«Թեև Մոսկվան շահագրգռված է Փաշինյանի հրաժարականով, Կրեմլը չեզոքություն է պահպանում»․ հայաստանյան շարժումն ինտենսիվ լուսաբանում է ռուսական մամուլը

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախօրեի հանրահավաքը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, նրա ելույթն ու գիշերվա իրադարձությունները լայնորեն լուսաբանվում են միջազգային մամուլում, հատկապես՝ ռեգիոնալ ԶԼՄ-ներում։

Ռուսական «Ria Novosti»-ն հայաստանյան ներքաղաքական իրադարձությունները լուսաբանում է անընդհատ ռեժիմով՝ ներկայացնելով բոլոր իրադարձությունները կարճ լուրերի տեսքով։

«Հայաստանի ընդդիմության առաջնորդը հայտարարել է դաշնակիցների հետ կապերի վերականգնման անհրաժեշտության մասին» վերտառությամբ լուրով ռուսական ՏԱՍՍ-ը ներկայացնում է Բագրատ սրբազանի դիրքորոշումը ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ։

«Հայաստանի ընդդիմադիր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կարծում է, որ ժամանակավոր կառավարության օրակարգային կետերից մեկը պետք է լինի դաշնակիցների հետ հարաբերությունների վերականգնման անհրաժեշտությունը։

Կարդացեք նաև

Նա նշել է․ «Մենք պետք է հրաժարվենք «հակա» նախածանցից՝ դառնալով հասկանալի և վստահելի գործընկեր մեր գործընկերների և դաշնակիցների համար՝ միևնույն ժամանակ պետք է ձեռք բերենք նոր դաշնակիցներ և ընկերներ»»,- գրել է ՏԱՍՍ-ը՝ հատկապես ուշադրություն հրավիրելով Բագրատ սրբազանի ելույթի հենց այս՝ դաշնակիցների հետ հարաբերությունները վերականգնելու մասին հատվածի վրա։

«Настоящее Время»-ն ևս անդրադառնում է հայաստանյան ընդդիմադիր շարժման նոր զարգացումներին՝ գրելով. «Երևանում ցուցարարները վրանային ճամբար են տեղադրել խորհրդարանի դիմաց»։

«Երևանում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համակիրները վրաններ են տեղադրել խորհրդարանի շենքի դիմաց և գիշերել այնտեղ։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթի մասնակիցները հունիսի 10-ի գիշերը շրջափակել են խորհրդարանի շենքը։ Փոքր բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև, որոնք շրջափակել են ելքերը»,- իր ընթերցողներին տեղեկացրել է այս լրատվամիջոցը։

Ռուսական «Իզվեստիա»-ն ևս գրում է երևանյան ներքաղաքական զարգացումների մասին․ «Հայաստանի ընդդիմադիր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հունիսի 9-ին քաղաքացիներին կոչ է արել հավաքվել անհնազանդության զանգվածային ակցիայի, որը նախատեսվում է անցկացնել չորս օրվա ընթացքում՝ սկսած երկուշաբթի օրվանից»։

«Interfax» գործակալությունը ևս ներկայացրել է Բագրատ սրբազանի նախօրեի ելույթը և ներկայացված քայլերը, որոնք նախատեսվում են առաջիկա օրերի ընթացքում։

Ռուսալեզու Deutsche Welle-ն ևս լուսաբանում է ցույցերը՝ հղում անելով հայկական ռուսալեզու, ինչպես նաև ռուսական ԶԼՄ-ներին։

RG.ru-ն ևս նախօրեին ներկայացրել է հանրահավաքի կարևոր դրվագներն ու առաջիկայում շարժման անելիքները։

«Երևանում սկսվեց Փաշինյանի հրաժարականի նոր բողոքի ակցիան» վերտառությամբ հոդվածում ռուսական «Վեդոմոստի»-ն զրուցել է ռուս վերլուծաբան Ստանիսլավ Պրիտչինի հետ, ով, անդրադառնալով ՀՀ ներքաղաքական իրավիճակին, ասել է, որ Փաշինյանը, հիշելով սեփական փորձը, չի շտապում շփման մեջ մտնել ընդդիմության հետ։

Փորձագետի կարծիքով՝ երկխոսությունը կնշանակի «օրինականացնել բողոքը, այն հասցնել ինստիտուցիոնալ մակարդակի, ընդդիմության առաջնորդներին տալ քաղաքական սուբյեկտայնություն»։

Պրիտչինը նշել է, որ թեև Մոսկվան շահագրգռված է Փաշինյանի հրաժարականով նրա հակառուսական հռետորաբանության համար, Կրեմլը դեռևս անտեսում է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և չեզոքության է պահպանում։

Ադրբեջանական ԶԼՄ-ները ևս, ինչպես շարժման առաջին օրերից, այնպես էլ ներկայումս, անտարբեր չեն շարժման քայլերի նկատմամբ և ամենօրյա ռեժիմով լուսաբանում են, այդ թվում՝ տեսանյութերով ներկայացնում հանրահավաքներից և երթերից հատվածներ։

Ի տարբերություն ռուսական ԶԼՄ-ների, ադրբեջանական մամուլը թիրախավորում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և Հայ Առաքելական եկեղեցին, որը նախաձեռնել է այս շարժումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։

Տեսանյութեր

Լրահոս