Բաժիններ՝

Արգենտինայի կառավարությունը պատրաստվում է կրճատել ևս 50.000 պետական ​​ծառայողի

Արգենտինայի կառավարությունը ևս 50 000-ով կկրճատի պետական ​​հատվածի աշխատողների քանակը: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Խավիեր Միլեյը Լատինական Ամերիկայի տնտեսական համաժողովում։

«Պետության ամբողջ կառույցը կիսով չափ կրճատվել է: Դա ուներ իր գինը, որովհետև, իհարկե, աշխատանքից ազատել ենք մարդկանց: Ընդհանուր առմամբ, կրճատել ենք 75 հազար մարդու, 25 հազարն արդեն ազատվել է», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Միլեյը խոստովանել է, որ իր բարեփոխումները հարվածել են բնակչության խոցելի խավերին և միջին դասին:

«Մենք գիտեինք, որ մեր ծրագիրը կառաջացնի սոցիալական լարվածություն և կհանգեցնի տնտեսական ակտիվության անկման»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ, Միլեյը վստահություն է հայտնել, որ ձեռնարկված աջակցության միջոցներն օգնել են զսպել քաղաքացիների դժգոհությունը։

Միլեյը, որը նախագահի պաշտոնն ստանձնել է 2023 թվականի դեկտեմբերի 10-ին, պետության ղեկավարի պաշտոնում իր առաջին ելույթում երկրի իրավիճակը բնութագրել է որպես ծայրահեղ ծանր և հայտարարել է տնտեսության մեջ շոկային միջոցների անհրաժեշտության մասին։ Ազատական քաղաքական գործիչը հանդես է գալիս տնտեսության մեջ կառավարության նվազագույն միջամտության օգտին և Արգենտինայի տնտեսական խնդիրների լուծումը տեսնում է ծախսերի կրճատման հաշվին բյուջեի դեֆիցիտի վերացման մեջ: Արգենտինայի Կաթոլիկական համալսարանի հետազոտողների տվյալներով՝ աղքատության մակարդակը երկրում տարվա առաջին եռամսյակում աճել է մինչև 55 %՝ Միլեյի կառավարության շոկային միջոցառումների ֆոնին: Դեկտեմբերին այդ ցուցանիշը կազմում էր 49,5 %:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս