«Ոստիկանապետությունը ոչ թե պետք է կազմալուծվի, այլ կազմալուծվելու է». Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ոստիկանապետությունը ոչ թե պետք է կազմալուծվի, այլ կազմալուծվելու է:

Վերջին գոնե, թե մեկ ամիսը ցույց տվեց «բարեփոխված» ոստիկանության իրական կերպն ու ձևը: Չգիտեմ ո՞վ է ոստիկանությանը ներշնչել, որ կարող է օգտվելով կարգավիճակից լեզվակռիվ անել և վիճաբանել, անպարկեշտ հորդորել, չափ սահմանել, որոշել չափն անցնել չանցնելը կամ չափի մեջ մնալը, բարոյական գնահատականներ տալ, ֆիզիկական կամ սոցիալական դիրքի գերակայության արհամարական ցուցադրություն անել, հանրայինորեն անպարկեշտ մեկնաբանություններ անել, բարեվարքության հետ աղերս չունեցող կամ կիսաքրեական գնահատականներ տալ, բայց մի բան հուշեմ ներշնչողներին և ներշնչվողներին:

Դուք՝ պերմանենտ վիրավորվողներդ, պետության անունից լեգալ ուժի կիրառման բացառիկ իրավունք ունեք, որի պահանջների մեջ որևէ պարագայում չի մտնում վերը նշված վարքաբանությունը:

Ոստիկանությունը աշխատավարձ է ստանում նաև վիրավորվելու համար, կրկում եմ նաև վիրավորանքի արժանանալու համար։ Ոչ իրավաչափ ուժի կիրառումը, ֆիզիկական ճնշման ներգործումը ենթադրում է հնարավոր հակադարձում և գնահատական քաղաքացու կողմից։ Ոչ մի պարագայում ոստիկանը չի կարող որոշել, ինչն է վիրավորանք իր նկատմամբ, ինչը` ոչ: Դա ընկալումների հարց է, իսկ իրավական գնահատականը կարող է տալ միայն դատարանը՝ համաձայն ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 172.3 Հոդվածի:

Այսինքն՝ անպարկեշտ վիճաբանելու և ագրեսիվ հորդորելու, չափ սահմանելու, չափն անցնել չանցնելու կամ չափի մեջ մնալու, բարոյական որակումներ տալու, անպարկեշտ մեկնաբանություններ անելու կամ կիսաքրեական գնահատականներ հնչեցնելու, գենդերային հիմքով կանանց և աղջիկներին բարոյախրատական դասեր տալու փոխարեն կարող եք դիմել դատարան ձեր նկատմամբ յուրաքանչյուր վիրավորանքի փաստով և ոչ ավելին: Ավելին, պետք է հետևեք օրենքին և Ոստիկանության ծառայողին կամ զինծառայողին հրապարակայնորեն վիրավորելու փաստով` կապված նրա կողմից հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու հետ, որն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափի պահանջով և կրկին դիմեք դատարան:

Առայժմ այսքանը, իսկ սեփական պատվի, արժանապատվության, դիրքի վերաբերյալ դյուրագրգիռ ռեակցիաները, էմոցիաները պարտավոր եք փակել ու պարփակել մասնագիտական և վճարվող սեփական ծառայողական ստատուսի, համբերատար և բարեվարք ուսադիրային շրջանակներում:

Շարժումը անում է առայժմ ոչ ամենը, իսկ «զինանոցը» ոչ ամբողջությամբ է բացված: Անում է #Համբերատար և մտածված ձեր կողմից պաշտպանվող վոլյունտարիստական իշխանությանը օրենքի և իրավունքի տրամաբանության մեջ տեղավորելու համար:

Պարզ է, որ իշխանությունը այլևս չի տեղավորվում այդ սահմանների մեջ: Աշխատեք շատ չվիրավորվել, թե չէ դա արդեն խրոնիկ բնույթ է կրում»:

Տեսանյութեր

Լրահոս