ՀԱՊԿ-ն հուսով է, որ Երևանը կհստակեցնի կառույցի հետ իր հարաբերությունների հեռանկարները
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը հույս է հայտնել, որ Երևանը կհստակեցնի կառույցի հետ իր հարաբերությունների հեռանկարները։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թասմաղամբետովի խոսքերը ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստից։
«Հուսով ենք, որ հանրապետության քաղաքական ղեկավարությունը կհստակեցնի ՀԱՊԿ-ի հետ իր հարաբերությունների հեռանկարները։ Սա ձեռնտու կլինի մեր ասոցիացիայի բոլոր մասնակիցներին, առաջին հերթին ապագա համատեղ գործունեության լիարժեք պլանավորման համար»,-ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Նա նաև վերահաստատել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի գործընկերները զգալիորեն կրճատել են իրենց մասնակցությունը կազմակերպության միջոցառումներին։
«Այնուամենայնիվ, փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են։ Հայաստանի Հանրապետությունը մնում է կազմակերպության լիիրավ անդամ․ այս երկրի նկատմամբ բոլոր պարտավորություններն ամբողջությամբ պահպանվում են»,- ընդգծել է Թասմաղամբետովը։