«Արքեպիսկոպոսը մարտահրավեր է նետում Փաշինյան-Ադրբեջան գործարքին», միջազգային մամուլը՝ շարժման մասին

Բագրատ սրբազանի հայտարարած որոշիչ հանրահավաքը և դրա ընթացքում ազդարարված շարժման երրորդ փուլի մեկնարկը, ինչպես նաև հաջորդած գործողություններն այսօր առավոտյան ակտիվորեն լուսաբանում են միջազգային լրատվամիջոցները։ Հատկապես ուշադրություն է գրավել այն հանգամանքը, որ շարժումը վարչապետի պաշտոնում առաջադրել է Բագրատ սրբազանի թեկնածությունը։

Ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը Միջազգային պանորամա խորագրի ներքո ներկայացրել է վերջին երկու օրվա իրադարձությունները՝ «Ի՞նչ է հայտնի Հայաստանում բողոքի ցույցերի մասին» վերտառությամբ։

«ՏԱՍՍ»-ը ներկայացրել է, թե ինչպահանջներ է ներկայացրել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, ինչ գործողություններ են տեղի ունեցել առավոտյան, և ինչպես է դրանց արձագանքել Ոստիկանությունը: Շարժումը հատկապես ակտիվ լուսաբանում են ռուսական ԶԼՄ-ները՝ «Վեդոմոստի»-ն, «Ինտերֆաքսը», «Ռիա Նովոստի»-ն, «Настоящее Время»-ն, Lenta.ru-ն, ինչպես նաև հեռուստաընկերությունները: Բոլորն էլ բազմամարդ են ներկայացնում Բագրատ սրբազանի գլխավորած շարժման ակցիաները, երթերն ու հանրահավաքները։

Երևանյան իրադարձություններին առանձնահատուկ ուշադրությամբ են հետևում ադրբեջանական և թուրքական ԶԼՄ-ները, որոնք արդեն մեկ ամիս ակտիվ թիրախավորում են Բագրատ սրբազանին, սպառնում և ակնհայտ համակրանք դրսևորում ՀՀ ներկայիս իշխանության և Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, ինչը, թերևս, նորություն չէ։

Կարդացեք նաև

Արևմտյան ԶԼՄ-ները ևս լուսաբանում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։
Բրիտանական «Թելեգրաֆը» «Հազարավոր հայեր բողոքում են Ադրբեջանին տարածքներ փոխանցելու դեմ» վերտառությամբ հոդվածում գրում է, որ հակակառավարական հանրահավաքը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ 4 սահմանամերձ գյուղերը հարևան երկրին հանձնելու համաձայնությունից հետո։

«Մի քանի հազար մարդ հեղեղել է Երևանի կենտրոնական Հանրապետության հրապարակը՝ բողոքի նոր ցույցի ժամանակ, որը գլխավորում է Տավուշի մարզի եկեղեցու առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, որտեղ գյուղերը հանձնվում էին Ադրբեջանին»,-գրում է լրատվամիջոցը։

Ֆրանսիական La Croix international-ը, որը ներկայացնում է Կաթոլիկ եկեղեցու, Հռոմի պապի և Վատիկանի մասին նորությունները, տեղեկություններ է հաղորդում այլ կրոնների, շրջակա միջավայրի և միգրանտների մասին, ևս գրում է Բագրատ սրբազանի շարժման մասին՝ արձանագրելով, որ «Հայաստանում արքեպիսկոպոսը պայքարում է իշխանության դեմ»։

«Հայաստան. արքեպիսկոպոսը մարտահրավեր է նետում Փաշինյանի և Ադրբեջանի գործարքին» վերտառությամբ հոդված է գրել գերմանական հեղինակավոր Deutsche Welle-ն։

«Կիրակի օրը հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության, բողոքի շարժումը խթանել է Հայաստանի Առաքելական եկեղեցու ավագ հոգևորական Բագրատ Գալստանյանի ժողովրդականությունը»,-արձանագրել է ԶԼՄ-ն՝ շարունակելով, որ արքեպիսկոպոսն ընդդիմադիր շատ գործիչների կողմից ներկայացվում է որպես մեկը, ով կարող է հաջողել Փաշինյանի դեմ:

«Կիրակի օրը Գալստանյանն ասել է, որ Փաշինյանը «քաղաքական կամ բարոյական լեգիտիմություն չունի» իշխանության ղեկին մնալու համար։Հոգևորականը նաև ասաց, որ շուտով կհանդիպի վարչապետին»,-գրում է գերմանական լրատվամիջոցը։

Հատկանշական է, որ մայիսի 9-ից սկսած միջազգային ԶԼՄ-ների էջերին էականորեն աճել են ՀՀ ներքաղաքական կյանքի մասին հրապարակումները, որը պայմանավորված է Բագրատ սրբազանի գեներացրած շարժմամբ։

Տեսանյութեր

Լրահոս