Լոռու մարզի բնակավայրերում աղետ է. հեղեղը մեծ ավերածություններ է առաջացրել

Լրագրող Հրաչյա Պապինյանտ ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ ԱՂԵՏ Է Գիշերը տեղացած հորդառատ անձրևի պաատճառով վարարած Դեբեդն իր ճամփին քշել տարել է ամեն բան: Ավերված և անանցանելի են Մ6 մայրուղու տարբեր հատվածներ։

Գետը քանդել է ճանապարհը և հավանաբար երկար շաբաթներ աներթևեկելի կլինի մայրուղին: Սանահին կայարանում գետի ջրերը հասել են շենքերի երկրորդ հարկեր:

Բաղրամյանում գետափնյա առանձնատների տանքիներն են միայն երևում: Ալավերդու գլխավոր Թուամանյան փողոցի մի հատվածը գետի ջրերի տակ է, մակարդակն այնքան բարձր է, որ պատնեշներն էլ անցել են ջրի տակ: Ջրերը քշել տարել են «Կատա» սուպերմարկետի գույքը, մտել ոսկու խանութ, էկոնոմբանկ, պատկերասրահ: Դեբեդ թաղամասը կտրված է արտաքին աշխարհից, քանդվել է ճանապարհը, գետի ջրերը հոսում են նախկին ավտոկայարանի տարածքով: Գետի ջրերի տակ են Ախթալա, Քարկոփ բնակավայրերի շենքերի առաջին հարկերը:

Ըստ մեր տեղեկության գետի ջրերը քշել տարել են գոմեր, անասուններ, մեքենաներ, կամուրջներ: Մ6 մայրուղու տարբեր հատվածներում արգելափակված մարդիկ են և մեքենաներ: Վերջին զանգի արարողությունների մասնակից շատ երեխաներ չեն կարողանում վերադառնալ Հաղպատից, որտեղ վերջին զանգի արարողությանն են մասնակցել: Առայժմ այսքանը»:

«Դեբեդն իր ճամփին քշել տարել է ամեն բան: Կապն աշխատում է խափանումներով, խոսվում է գետափնյա տներից անհետացած մարդկանց մասին»:

«Սանահին կայարանի տներում արգելափակված մարդիկ կան,  կապի խափանման պատճառով «Անկյուն+3»-ը չի կարողանում հեռարձակումներ անել։

Սանահին կայարանի շենքերի առաջին հարկերում արգելափակված մարդիկ կան, որոնք զանգում օգնություն են խնդրում, մարդիկ կանգնաց են պատուհանագոգերին, սառը ջրի մեջ: Հեղեղված են նախկին Հայտրանսի գարաժ կոչվող տարածքի բոլոր սպասարկման կետերը: Գետի ջրերը քշել տարել են տասնյակ միլիոնների շինանյութ»:

Ջրածածկ հատվածներում արգելափակված մարդիկ հաղորդակցության խնդիրներ ունեն: Չկա հեռախոսակապ, ինտերնետ, հեռուստացանցը չի գործում: Մարդիկ չեն կարողանում տներից դուրս գալ կարիքների համար, ստորին հարկերում կոյուղաջրերը ետ են գալիս լցվում բնակարաններ: Չեն կարող գնումներ կատարել:

Այս պահին ԱԻՆ-ը դեռևս հայտարարություն չի արել, կապի բացակայության պատճառով դեռ հնարավոր չէ ճշտել, սակայն ենթադրություններ կան որ աղետը հետևանք է նաև Մեծավանի կամ Ձորագեսի ջրամբարների պատվարի փլուզման, կամ կանխարգելիչ ու արտակարգ ջրթողի»,- գրել է Հրաչյա Պապինյանը։

Տեսանյութեր

Լրահոս