Կիրանց մուտք գործելու սահմանափակումների նպատակը քաղաքական է. սա նահանջ է՝ տարածքներ հանձնելով. Հովհաննես Խուդոյան
Արդեն երկրորդ օրն է՝ ոստիկանական զորքերը չեն թույլատրում մարդկանց մտնել Կիրանց։ Կիրակի օրը՝ մայիսի 19-ին, ոստիկանները մի խումբ մտավորականների չէին թույլատրել մտնել Կիրանց, նրանք Երևանում դրանից մեկ օր առաջ հայտարարել էին, որ մեկնելու են Կիրանց՝ բնակչների կողքին լինելու համար։ Ոստիկանները երեկ նաև ընդդիմադիր պատգամավորներին թույլ չէին տալիս մտնել գյուղ։
Իսկ այսօր արդեն Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին արգելեցին մուտք գործել Կիրանց։
Երեկ ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրություն տարածեց, նշելով, որ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են ՀՀ պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ:
«Ելնելով անվտանգային և օպերատիվ անհրաժեշտությունից, Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է»,- https://168.am/2024/05/19/2046910.html նշված էր ԱԱԾ հաղորդագրության մեջ։
168.am-ի հետ զրույցում փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ ոստիկանության գործողություններին ու մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումներին անդրադառնալով, ասաց՝ կան օրենսդրական կարգավորումներ, բայց դրա համար հիմքեր են պետք։
«Կա պետական սահմանի մասին օրենք, որը նախատեսում է, որ սահմանից մինչև 1 կմ հեռավորության վրա՝ կապված սահմանային ծառայության հետ, հնարավոր է սահմանափակումներ լինեն։ Բայց յուրաքանչյուր դեպքում պետք է դրա անհրաժեշտությունը նշվի, օրինակ, ԱԱԾ-ն նշել է, որ աշխատանքներ են տարվում, բայց որևէ էական աշխատանք չի տարվում։ Հիմա, եթե իրոք այդ աշխատանքները տարվեին, իրոք վտանգ տեսնեին, որ Կիրանց գնացող մարդկանց մեջ կան «անհասկանալի» մարդիկ, որոնք, օրինակ, կարող է՝ համագործակցում են թշնամի պետության հետ, կարող էին կիրառել սահմանափակումներ։ Բայց կոնկրետ այս դեպքում ակնհայտ է, որ նպատակը քաղաքական է եղել»,- շեշտեց Հովհաննես Խուդոյանը։
Փաստաբանի գնահատմամբ՝ Կիրանցում ապօրինի գործընթացն ավարտին հասցնելու համար լրացուցիչ «իրավական» գործիքներ են կիրառում, որպեսզի տեղի բնակիչները չդժգոհեն, վերջնական իրենց տները հանձնեն, սահմանը դնեն ու այդ մարդկանց կանգնեցնեն փաստի առաջ։
«Խնդիրը գալիս է ամենասկզբից՝ ամբողջ գործընթացն ապօրինի է, իրականում սա սահմանազատում ու սահմանագծում չէ, սա ուղղակի նահանջ է՝ տարածքներ հանձնելով։ Դրանից հետո, արդեն մյուս բոլոր գործողությունները, անկախ նրանից՝ օրենքի կետով կպայմանավորվե՞ն, թե՞ չէ, մեկ է, ապօրինի գործընթացի մաս է»,- շեշտեց Հովհաննես Խուդոյանը։
Ինչ վերաբերում է Կիրանցի այն բնակիչների իրավունքներին, որոնք այս գործընթացի արդյունքում կորցնելու են իրենց տները, Հովհաննես Խուդոյանն ասաց՝ երբ այդ մարդկանց բնակությունն այդ հատվածում կդառնա անհնարին, հավանաբար կստանան փոխհատուցումներ։ Սակայն խնդիրն ավելի գլոբալ է պետք դիտարկել։
«Մեկ-երկու բնակչի կարող են բնակարանի փոխհատուցում տալ, թեպետ Շուռնուխում, չորս տարի է՝ տուն են սարքում, չեն տվել դեռ։ Բայց դա խնդրի նվազագույն լուծումն է, քանի որ այստեղ միջպետական ճանապարհի, գազատարի, պաշտպանական գծի թուլացման մասին է խոսքը»,- եզրափակեց Հովհաննես Խուդոյանը։