Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Աշթիանիին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հեռագրում ասված է.

«Մեծագույն ցավով տեղեկացա մայիսի 19-ին ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի, արտաքին գործերի նախարարի և նրանց ուղեկցող պաշտոնյաների զոհվելու մասին:

Որպես Իրանի Իսլամական Հանրապետության մերձավոր և բարեկամ երկիր՝ Հայաստանի Հանրապետությունում մեծ ցավով ենք ընդունել նախագահ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Աբդոլահյանի և այլ պաշտոնատար անձանց անժամանակյա ողբերգական մահվան լուրը:

Մեր ցավակցությունն ենք հղում զոհվածների հարազատներին ու բարեկամներին և ուժ ու արիություն ենք մաղթում իրանցի բարեպաշտ ժողովրդին:

ՀՀ պաշտպանության նախարարության և անձամբ իմ անունից խնդրում եմ ընդունել մեր ցավակցությունն ու զորակցությունը»։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։

Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։

Տեսանյութեր

Լրահոս