Մինչև կյանքի վերջը փնտրեց ցեղասպանությունից փրկված ու կորցրած եղբորը. պատմում է ականատեսի թոռնուհին
1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո Ալեքսանդրապոլում (Գյումրի) գործող Ամերկոմի որբանոցն իր հարկի տակ է հավաքում եղեռնից մազապուրծ փրկված որբերին:
Արևմտյան Հայաստանից գաղթած Հայաստան Սարգսյան-Կոստանյանն Ալեքսանդրապոլի (այժմ` Գյումրի) որբանոցում է հայտնվում եղբոր՝ Ներսեսի հետ: Հայաստան տատի թոռնուհու՝ Գայանեի խոսքով` տատիկը գաղթել է Կարսի նահանգի Արմտլու գյուղից և ուներ մանկահասակ եղբայր:
«Պատմում էր, որ ինքը՝ փոքր աղջիկ, մինչև եղբոր անհետանալը, որբանոցում անընդհատ կանգնել է եղբոր օրորոցի մոտ ու օրորել է նրան, իսկ մի օր եկել է ու տեսել, որ օրորոցը դատարկ է, հետո ականջին է հասել, որ մանկատան փոքրերին տարել են Ամերիկա, իսկ ավելի մեծահասակների հետևից ավելի ուշ են գալու…»,- «Արմենպրես»-ին պատմում է Գայանեն: Այսպես Հայաստանն այլևս չի տեսնել իր եղբորն ու ողջ կյանքի ընթացքում փորձել է գտնել շիկահեր ու ականջի ծայրը կտրած իր Ներսես եղբորը: «Ասում էր, որ թուրքի ձեռքից փրկվելու ժամանակ եղբոր ականջի ծայրը կտրված է եղել, թե ո՞վ է եղբորը փրկել թուրքից, կամ ինչպե՞ս են հասել որբանոց՝ այդպես էլ չենք իմացել»,-ասում է Գայանեն՝ ենթադրելով, որ այդ ժամանակ տատիկը 4, իսկ նրա եղբայրը՝ 2 տարեկան է եղել:
Մինչև խորհրդային կարգերի հաստատումը որբանոցից փոքրերին տարել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հետո Խորհրդային իշխանություններն արգելել են Հայաստանից երեխաների տեղափոխումը:
Աղջիկը որբանոցում մնում է 12 տարի: 12 տարեկանում Հայաստանն աշխատանքի է անցնում պահածոյի գործարանում:
Տարիներ անց Հայաստանն ամուսնանում է քարտաշ Սամսոնի հետ, ունենում են հինգ զավակ՝ 4 որդի և 1 դուստր: Գայանեն ավագ որդու մեծ դուստրն է: «Հայաստան տատն իր ավագ որդու անունը հոր՝ Հովհաննեսի անունն է դրել ու երբ հույսը կտրել է, որ կգտնի եղբորը, կրտսեր որդուն կոչել է Ներսես»,-պատմում է թոռնուհին։ Եղբոր կորստի սարսափը մինչ վերջ հանգիստ չի թողել տիկին Հայաստանին, դա էր պատճառը, որ երբեք չի թողել իր տանը դատարկ օրորոց լինի: Հիմա Հայաստան տատը չկա, չկա նաև նրա եղբորը գտնելու հույսը:
Արմենուհի Մխոյան