Պատերազմին այլընտրանք կա. Արա Այվազյան

Ներկայումս արտաքին դերակատարներն են մեծամասամբ ձևավորում ու իրենց վտանգավոր ազդեցությունն ունենում Հայաստանի միջազգային վարքագծի ու ներքին օրակարգի վրա։

Այս մասին Դիվանագետների համահայկական խորհրդի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը:

«Այս պայմաններում դիվանագիտությունն է, որ անխուսափելիորեն դառնում է մեր պետականության պաշտպանության առանցքային բնագիծը, ու մենք, որպես դիվանագետներ, որոնք կանգնած են եղել մեր արտաքին գերատեսչության ստեղծման ակունքներում, մեր ասելիքն ունենք»,-նշեց նա:

Այվազյանի խոսքով՝ տևական ժամանակ ասվում էր, որ արտաքին այն քաղաքականությունը, որն այսօր վարվում է, չունի այլընտրանք, այլընտրանքը պատերազմն է։

«Մենք գտնում ենք, որ կա այլընտրանք՝ դիվանագիտական, քաղաքական միջոցներով, որը հիմնված կլինի խորը վերլուծության ու մեր մասնագիտական փորձի վրա, առաջիկա օրերին Դիվանագետների համահայկական խորհուրդը կազմակերպելու է կլոր-սեղան քննարկում՝ ներկայացնելու օրակարգի ուրվագծերը»,- ընդգծեց Արա Այվազյանը։

Այվազյանի խոսքով՝ ուժային քաղաքականությունը դարձել է միջազգային հարաբերությունների գերիշխող միջոց:

«Մենք հասկանում ենք, որ միջազգային իրավունքն ընտրովի է գործում, հասկանում ենք, որ յուրաքանչյուր դերակատար, որը շահագրգռված է այս տարածաշրջանում, հետապնդում է իր սեփական շահերը՝ շատ անգամ դրանք «փաթեթավորելով» գեղեցիկ հայտարարություններով: Նույնիսկ համաձայնեցված սահմանը չի ապահովելու ո՛չ անվտանգություն, ո՛չ կայունություն, հակառակը՝ մեր կենսական տարածքները, անվտանգության հիմնարար բնագծերը քանդվում են ու ճանապարհ են բացում ապագա ագրեսիվ գործողությունների համար»,- շեշտեց Արա Այվազյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է փոխի արտաքին քաղաքականության բովանդակությունն ու ռազմավարությունը, քաղաքական ու դիվանագիտական միջոցներով պետք է կառուցել ներքին ու տարածաշրջանային այնպիսի հակաուժ, որը կզսպի մեր թշնամիների ծավալապաշտական նկրտումները։

«Խաղաղության կհասնենք այն ժամանակ, երբ Հայաստանը կվերականգնվի, իր մեջ ուժ կգտնի ու կդառնա այն հակաուժը, որը կբալանսավորի մեր հակառակորդի ծավալապաշտական ձգտումները»,- ասաց Այվազյանը՝ նշելով, որ Նպատմության մեջ երբեք չի եղել հարատև խաղաղություն։։

Ըստ Այվազյանի՝ եթե իրենք  հույս ունենային, որ այս իշխանության քաղաքականության միջոցով հնարավոր էր ունենալ այլընտրանքային արտաքին քաղաքականություն՝ չէին հեռանա։

«Մենք տեսնում ենք, որ այս իշխանությունը որդեգրել է մի քաղաքականություն, որից չի ուզում հետ կանգնել։ Անկեղծ ասած՝ ես ու իմ բոլոր գործընկերներն, իսկապես, ուրախ կլինեինք, որ սխալված լինեինք, բայց, ցավոք սրտի, ժամանակը ցույց տվեց, որ մենք այդքան էլ չենք սխալվել»,- հավելեց ԱԳ նախկին նախարարը։

Տեսանյութեր

Լրահոս