Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. հերթով կատարվելու է. Մովսես Հակոբյան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․«Երեկ արդեն պաշտոնապես հաստատվեց, որ Հայաստանի իշխանությունները սահմանազատման եւ սահմանագծման անվան տակ հերթական զիջմանն են գնալու Տավուշի հատվածում:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի նախագահությամբ տեղի ունեցած պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքում՝ հանձնաժողովները պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից:

ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջեւ սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը:

ՀՀ վարչապետի աշխատակազմից էլ, իբր, «մեկնաբանելով» ԱԳՆ-ի այս հայտարարությունը՝ նշել են, որ սահմանազատումից հետո 4 գյուղերի հատվածում զինված ուժերը հետ են քաշվելու եւ տեղը զիջելու են սահմանապահ զորքերին: Արդյունքում՝ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի է մոտենալու Կիրանց եւ Ոսկեպար գյուղերին:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին ղեկավար Մովսես Հակոբյանը պնդում է՝ Տավուշի այս գյուղերի հանձնումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի արդյունք է:

– Պարոն Հակոբյան, ծանո՞թ եք Տավուշում սահմանազատման մասով երեկ արված պաշտոնական հայտարարություններին, ինչպե՞ս դա կմեկնաբանեք, Ձեզ համար հասկանալի՞ է՝ ինչ է լինելու Տավուշում:

– Ես չեմ տեսել այդ հայտարարությունը: Ես հոգնել եմ. ամեն ինչ ասել եմ, հենց ձեր օրաթերթի հետ զրույցում մի քանի անգամ ասել եմ՝ նայեցե՛ք նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, էնտեղ ամեն ինչ գրված է, հերթով կատարվելու է:

– Այսինքն՝ Տավուշում կատարվո՞ղն էլ է բխում նոյեմբերի 9-ի փաստաթղթից:

– Այո՛, 2 տարի առաջ ինչ ասել եմ, ուժի մեջ է:

– Պարոն Հակոբյան, բայց այդ եռակողմ հայտարարությունը միայն Արցախին էր վերաբերում, ՀՀ ինքնիշխան տարածքից զիջումների մասին խոսք չկա այնտեղ:

– Մենակ Արցախին չի վերաբերում, Հայաստանին, Ադրբեջանին ու Ռուսաստանին էլ է վերաբերում:

– Եռակողմ փաստաթղթի ո՞ր կետի համաձայն է Տավուշում զիջումներ արվում:

– 5-րդ կետի համաձայն:

– Պարոն Հակոբյան, վարչապետի աշխատակազմից իբրեւ թե պարզաբանում են, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում ոչ թե 4, այլ 2,5 գյուղ է ստանում. ի՞նչ է սա նշանակում:

– Չգիտեմ, ես հայրենիքը գյուղով չեմ չափում:

– Պարոն Հակոբյան, նաեւ կա համաձայնություն կողմերի միջեւ, որ սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին. սա ի՞նչ է ենթադրում, ի՞նչ վտանգներ կարող են առաջանալ:

– Իմ հայրենիքը հանձնել են Ադրբեջանին, ես փախստական եմ, գործ չունեմ, չեմ կարող ասել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս