Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար. 24News

Քիչ առաջ Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը ի թիվս այլ հարցերի պատասխանել էր նաև, թե արդյոք Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի արդյունքում հայաստանյան որևէ գյուղ զրկվո՞ւմ է ճանապարհից: Կառավարությունից նշել են, թե Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, որը բարդ աշխատանք չէ եւ կիրականացվի մի քանի ամսում․ «Բայց սա Կիրանցի միակ ճանապարհը չէ. կվերանորոգվի, գուցե վերակառուցվի նաև Կիրանց-Աճարկուտ-Իջևան ճանապարհը: Նկատի ունենք, Կիրանցն ունի նաեւ այլընտրանքային ճանապարհ, և գործնականում էական խնդիրներ չկան»:

24News-ը կապ է հաստատել Տավուշի մարզի Կիրանց համայնքի ղեկավար Կամո Շիրինյանի հետ, նրանից հետաքրքվել՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը ասե՞լ է, որ զորքերը պետք է հետ քաշվեն ու սահմանապահներ տեղակայվեն։

«Դե, էն անգամ, որ վարչապետը եկել էր, նա էլ էդպես ասաց, բայց էս ժողովրդի կամքը, ցանկությունը առանց հարցնելու քարտե՞զ են հրապարակել։ Ժողովուրդը կանգնած է էստեղ ու դեմ է, հավաքված են»,- ասել է Կիրանցի ղեկավարը։

Վերոշարադրյալ մտքի հետ կապված, թե Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի ծրագծի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, որը» բարդ աշխատանք չէ և կիրականացվի մի քանի ամսում, բայց սա Կիրանցի միակ ճանապարհը չէ. կվերանորոգվի, գուցե վերակառուցվի նաև Կիրանց-Աճարկուտ-Իջևան ճանապարհը», Շիրինյանը նշել է․

«Դե, դա պլանի մեջ եղել է՝ տուրիզմի զարգացման համար»։

Այլընտրանքային ճանապարհի մասին խոսելիս Շիրինյանը նշել է նաև, որ խնդիր կա․ «Դե, հիմա խնդիրն էն է, որ գալիս է, մտնում մեր գյուղի մեջ։ Ո՞նց խնդիր չկա։ Ճանապարհը անտառով էլ կարամ գնամ, ամեն տեղով էլ կարամ գնամ, խնդիրը Ադրբեջանի՝ իմ գյուղը մտնելն է, որի համար արյունով պայքարել ենք ու հիմա էսպես խաղաղ տա՞նք»։

Կիրանցի ղեկավարը հավելել է, որ այլընտրանքային ճանապարհի մասին Նիկոլ Փաշինյանն ասել է, թե կարող ենք կամուրջը շրջանցել՝ լեգիտիմ սահման ունենալ, որին ժողովուրդը չի համաձայնել։

Վերջում էլ համայնքապետը նշել է․ «Ես իմ ժողովրդի հետ եմ, իրենք ինչ անեն՝ ես իրենց կողքը կանգնած եմ»։

Տեսանյութեր

Լրահոս