«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարությամբ անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին։

Հայտարարության մեջ նշված է. «Օրերս հայտնի դարձավ, որ Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին խորհրդակցության համար։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ երկու երկրների լարվածության ֆոնին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպել է Անն Բյուայոնին՝ քննարկելու նրա հետկանչը։ Է․ Մակրոնն ափսոսանք է հայտնել Ադրբեջանի գործողությունների համար և հորդորել Բաքվին հստակեցնել իր մտադրությունները։

Փոխարենն իր մեջ հետևություններ անելու, թե ինչու քաղաքակիրթ հանրությունն ունի վերապահումներ Ադրբեջանի պես հանցածին պետության հետ հարաբերվելու հարցում, վերջինս, ի պատասխան, իր ԱԳՆ միջոցով ապակառուցողական գործունեության մեղադրանք է ներկայացնում Ֆրանսիային:

Սա միջազգային իրավունքի և համաշխարհային հանրության տեսակետների անտեսման և հորդորների արհամարհման հերթական դրսևորումն է։ Ադրբեջանը սովոր չէ, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, իրագործել իր ստանձնած պարտավորությունները և հետևել իրավարար կառույցների որոշումներին։ Ադրբեջանը թե՛ Հայաստանին, թե՛ այլ երկրների, որոնք քննադատական տեսակետներ են արտահայտում, մեղադրում է ապակառուցողականության մեջ։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե ապակառուցողական են բոլոր այն երկրները, որոնք մասնակից կամ գոնե համակարծիք չեն ադրբեջանական ագրեսիվ ծավալապաշտական հռետորաբանությանը, որը այսօր միանշանակ կարելի է բնորոշել որպես «զոհի դիմակով գիշատչի» քաղաքականություն։ Միայն գիշատչային բնազդով առաջնորդվող պետություններն ու հասարակություններն են ունակ դիմելու զանգվածային ոչնչացման, ինչպես տեղի է ունեցել առնվազն վերջին հարյուրամյակում պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայության նկատմամբ։

Այժմ էլ Լեռնային Ղարաբաղի հայությունն ու վերջինիս ստեղծած հոգևոր-ազգային ժառանգությունն է ադրբեջանական գիշատչության զոհը։ Մինչդեռ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայության իրավունքների, հայկական ժառանգության պահպանության, վանդալիզմի գնահատման և պատժման խնդիրը պետք է լիներ Ադրբեջանի առջև ծառացած լրջագույն մարտահրավերներից մեկը, որը պետք է արգելակեր նմանատիպ գործողությունների կրկնությունը։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական ապակառուցողականությունը, որը վաղուց հատել է տարածաշրջանի սահմանները և վերածվել համաշխարհային նախադեպայնության երևույթի։ Սակայն նման վարքը միանգամայն ենթակա է կանխարգելման պատժի ու պատասխանատվության գործնական մեխանիզմների արդյունավետ և նպատակային գործարկման շնորհիվ»։

Տեսանյութեր

Լրահոս