Հայկական քաղաքական ինքնության ու պետականության հիմքում ընկած է/էր երկու բազային բաղադրիչ՝ Արցախ և Ցեղասպանություն: Հաղթանակ ու Պահանջատիրություն. Վահե Դավթյան
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
«Յուրաքանչյուր պետություն կայանում ու զարգանում է «մենք-նրանք» հակադրման ներքո:
Չկա այդ հակադրումը՝ չկա պետություն: Առավել ևս՝ չկա ազգ:
Անգամ ամենաինտեգրված եվրոպական ազգերը հաճախ հակադրվում են միմյանց՝ որպես քաղաքակրթական միավորներ: Ֆրանսիացին հակադրվում է գերմանացուն:
Իտալացին՝ իսպանացուն: Եվ այլն:
«Մենք-նրանք» հակադրման ներքո էր ընթանում Սառը պատերազմը՝ նպաստելով ամերիկյան և սովետական քաղաքական ինքնությունների կայացմանը: Ինչպես 1990-ականներին ասում էր ամերիկացի գրող Ջոն Ափդայքը՝«եթե Սառը պատերազմն ավարտվել է, ապա ամերիկացի լինելու իմաստը ո՞րն է»:
Այսօր մեզ փորձում են համոզել, որ «մենք-նրանք» հակադրումը հղի է պատերազմով, վտանգավոր է, մահաբեր:
Քննարկման առարկա չդարձնելով այդ զառանցանքը՝ փաստենք միայն, որ առավել քան վտանգավոր ու մահաբեր է «մենք-նրանք»-ի բացակայությունը:
Հայկական քաղաքական ինքնության ու պետականության հիմքում ընկած է/էր երկու բազային բաղադրիչ՝ Արցախ և Ցեղասպանություն: Հաղթանակ ու Պահանջատիրություն: Պայքար պատմական արդարության համար:
Առաջին բաղադրիչը փաստացի լիկվիդացվեց: Այժմ հասել են երկրորդին՝ «մենք-նրանք»-ի փոխարեն առաջարկելով նոր՝ ներքին հակադրում՝ «պատմական ու իրական Հայաստան»:
Մինչդեռ յուրաքանչյուր պետություն կարող է ամուր լինել բացառապես իր շարունակական զարգացման մեջ, ու նման մտացածին բաժանարար գծերի անցկացումը հարցականի տակ է դնում մեզ որպես պետական միավորի՝ զրկելով մեզ քաղաքական ազգ դառնալու հնարավորությունից:
Ասում են՝ շուկա կբացվի, փող կաշխատենք: Հարկ վճարողն էլ կդառնա «հերոս»:
Գուցե:
Բայց դրա համար պետություն պետք չէ: Աշխարհում կան շատ ավելի հետաքրքիր ու հեռանկարային շուկաներ:
Քաթար կամ Սինգապուր հաստատ չենք դառնալու: Դրա համար ո՛չ անհրաժեշտ աշխարհագրական դիրք ենք զբաղեցնում, ո՛չ ռեսուրս ունենք, ո՛չ էլ, անկեղծ ասած, այդքան խելք»: