Վրաստանում ցույցի ժամանակ հատուկջոկատայինները լրագրողների են ծեծի ենթարկել

Վրաստանի խորհրդարանի մոտ ապրիլի 16-ին անցկացված բողոքի ցույցի ժամանակ հատուկջոկատայինները ծեծի են ենթարկել «Պուբլիկա», «Տաբուլա» և «Ապրիլի Մեդիա» առցանց լրատվամիջոցների լրագրողներին, հայտնում է «Ալիք Մեդիա»-ն:

«Պուբլիկա»-ի լրագրող Ալեքսանդրե Քեշելաշվիլին նկարահանում էր ցուցարարներին բերման ենթարկելու իրավապահների գործողությունները: «Պիրվելի» հեռուստաընկերության հեռարձակած կադրերում երևում է, որ լրագրողին մի քանի հատուկջոկատայիններ սեղմել են պատին։

Radiotavisupleba լրատվամիջոցի հետ զրույցում Քեշելաշվիլին ասել է, որ հատուկ նշանակության ջոկատայիններից մեկը խլել է հեռախոսը, իսկ մյուսը հարվածել է դեմքին:

Հանրահավաքի ընթացքում Ժվանիա փողոցում ծեծի է ենթարկվել «Տաբուլայի» լրագրող Գիորգի Բադրիձեն։«Տաբուլան» գրում է, որ լրագրողից խլել են նաև անձնական բջջային հեռախոսը։

Հանրահավաքում ծեծի է ենթարկվել նաև «Ապրիլի Մեդիա» լրատվամիջոցի լրագրող Գիորգի Բասխաջաուրին։ Բասխաջաուրին հայտնել է, որ իրավապահները ֆիզիկական բռնության ենթարկել և հոմոֆոբ հայտարարություն արել՝ անվանելով «պիդերաստ»։

Ապրիլի 16-ին Թբիլիսիում՝ խորհրդարանի մոտ ընթացող հանրահավաքում, հատուկ նշանակության ջոկատայինները «պղպեղի սփրեյ» են կիրառել խաղաղ ցուցարարների դեմ: Հանրահավաքի մասնակիցները իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից պահանջում են հետ կանչել «գործակալների օրենքը»։

Օմբուդսմենի հայտարարության մեջ նշվում է, որ «ապրիլի 16-ի ժամը 22:00-ի դրությամբ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը սկսել է ուժ կիրառել հանրահավաքի մասնակիցների նկատմամբ»։

Խորհրդարանի ապրիլի 16-ի նիստում ժամը 12:00-ից քննարկվում էր «գործակալների օրենքը»։ Նիստը փակվել է ժամը 21:00-ին, իսկ օրինագծի առաջին ընթերցմամբ քննարկումը կրկին կշարունակվի ապրիլի 17-ին՝ ժամը 12:00-ից։

Վրաստանի գործընկեր երկրների և կազմակերպությունների գնահատմամբ՝ «գործակալների օրենքը» կխոչընդոտի երկրի եվրաինտեգրմանը, մինչդեռ իշխող կուսակցությունը պնդում է, որ այն եվրոպական է։

2023 թվականի մարտին զանգվածային ցույցերի և միջազգային քննադատության պատճառով խորհրդարանական մեծամասնությունը ստիպված եղավ հրաժարվել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից և խոստացավ չվերադառնալ նախագծին։ «Վրացական երազանքը» օրինագիծը խորհրդարան է վերադարձրել 2024 թվականի ապրիլի 3-ին։ Նախագծում նա «օտար ազդեցության գործակալ» տերմինը փոխարինել է «օտար տերության շահերն կրող կազմակերպություն» բառով։

Տեսանյութեր

Լրահոս