ՀՀ-ում ուղևորափոխադրումներով զբաղվող ՍՊԸ–ն 50 մլն դրամի հարկ է թաքցրել պետությունից. ՔԿ

ՀՀ-ում ուղևորափոխադրումներով զբաղվող ՍՊԸ-ի ղեկավար անձինք իրենց աշխատակիցների աշխատավարձների վերաբերյալ խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեխանիզմով շուրջ 50 մլն դրամ հարկեր չեն վճարել պետությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«ՍՊԸ-ի տնօրեն Ա․Դ․-ն ընկերության վարձու աշխատակիցների հետ կնքել է իրականությանը չհամապատասխանող, իրականից ցածր չափերով աշխատավարձերի տվյալներով պայմանագրեր, որի արդյունքում թերհայտարարագրվել են իրական աշխատավարձերի չափերը և դրանցից բխող հարկերը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ըստ ՔԿ-ի` վարձու աշխատակիցների հետ պայմանավորված իրական աշխատավարձերի չափերը վճարվել են կանխիկ եղանակով։

Ապրիլի 15-ին Ա․ Դ․-ն հարկերի վճարումից չարամտորեն խուսափելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել է:

Նույն օրը քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին վերոնշյալ ամբողջ գումարի չափով կատարվել է վճարում՝ որպես ենթադրյալ վնասի հատուցման գումար:

Նախաքննությունը շարունակվում է:

Տեսանյութեր

Լրահոս