Եթե Իսրայելը չհետևի Իրանի նախազգուշացմանը, տարածաշրջանը կհայտնվի պատերազմի կրակի մեջ՝ Մերձավոր Արևելքից մինչև Կովկաս ու Միջին Ասիա. Փույա Հոսսեյնի

Ապրիլի 14-ին հայտնի դարձավ, որ Իրանը կամիկաձե ԱԹՍ-ներ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գտնվող Իրանի դեսպանատան վրա Իսրայելի իրականացրած հարձակման, որի հետևանքով զոհվել էր  7 մարդ. 2-ն Իրանի հեղափոխական պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալ էր, 5-ը՝ սպա:

Իրանի հարձակումից առաջ տելեգրամյան ալիքներում տարածվում էին  նախազգուշական հաղորդագրություններ.

«Մենք պատասխան հարված կհասցնենք բոլոր նրանց, ովքեր կբացեն իրենց օդային տարածքն Իսրայելի առջև՝ Իրանի վրա հարձակվելու համար»:

Երեկ Իրանի արտգործնախարարության տելեգրամ ալիքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Դեյվիդ Քեմերոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել էր, որ Թեհրանը Մերձավոր Արևելքում լարվածության աճ չի ցանկանում։ Աբդոլլահիանն ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ողջունում լարվածության աճը տարածաշրջանում, սակայն, եթե Իսրայելը ցանկանա սադրանքներ իրականացնել, ապա Իրանի հաջորդ պատասխանը կլինի անհապաղ, ավելի կոշտ և լայնածավալ։

Կարդացեք նաև

Իրանի արտգործնախարարը նշել էր, որ Թեհրանը պատասխան հարված է հասցրել Իսրայելին ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածում ամրագրված ինքնապաշտպանության օրինական իրավունքի շրջանակներում։

Ի՞նչ զարգացումներ կարող է ունենալ այս ամենը, հնարավո՞ր է՝ այն վերածվի լայնամասշտաբ ռազմական գործողությունների, Ադրբեջանը կարո՞ղ է օգտվել առիթից և լարվածություն ստեղծել հայ-ադրբեջանական սահմանին, մասնավորապես՝ Սյունիքի հատվածում։

168.am հետ զրույցում «Հայաստան-Իրան» ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Փույա Հոսսեյնին պատասխանելով այս հարցերին, նախ ասաց՝ Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի անօրինական հարձակմանն Իրանը ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն՝ ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում, տվեց օրինական պատասխան։

«Իրանն իրավաչափ և արդար պատասխան տվեց Իսրայելի հանցագործությանը։ Իրանը գործել է միջազգային իրավունքի շրջանակներում և Իսրայելին նախազգուշացրել է՝ եթե փորձի պատասխանել Իրանի օրինական պատասխանին, ապա Իրանը կարող է տասն անգամ ավելի հարվածներ հասցնել։ Վտանգը սա է, որ եթե Արևմուտքը, Իսրայելի դաշնակից երկրները չզսպեն Իսրայելին, հնարավոր է՝ սա վերածվի մեծ պատերազմի, և տարածաշրջանում ստեղծվեն լուրջ անվտանգային խնդիրներ։

Պետք է նշել, որ Իսրայելն ուզում է Իրանին ներքաշել պատերազմի մեջ, որովհետև տեսնում է, որ երկարաժամկետ առճակատման գնալով տարածաշրջանում՝ քիչ-քիչ մաշվում է։ Հիմա փորձում է ուղիղ առճակատման գնալ, որպեսզի կարողանա Արևմուտքին ու ԱՄՆ-ին ներքաշել պատերազմի մեջ և լուծել Իրանի հարցը։ Սակայն բոլոր կողմերը՝ Արևմուտքը և Միացյալ Նահանգները, ինչպես լսում ենք վերջին օրերի պաշտոնական հաղորդագրություններից, Իսրայելի հանդեպ ունեն անվտանգությունը պաշտպանելու պարտավորություն և փորձում են ամեն ինչ անել, որպեսզի պաշտպանեն Իսրայելին, սակայն չեն ցանկանում Իրանի հետ գնալ ուղիղ բախման»,- շեշտեց Փույա Հոսսեյնին։

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ Իրանը նաև նախազգուշացրել է Միացյալ Նահանգներին, եթե օգնի Իսրայելին՝ Իրանի վրա հարձակման հարցում, ապա հարվածելու են ԱՄՆ ռազմաբազաներին։ Այդ պատճառով էլ այժմ բոլոր կողմերը փորձում են զսպել Իսրայելին։

Այդուհանդերձ, եթե Իսրայելը փորձի հարվածել Իրանին, ապա լայնածավալ պատերազմի սկսվելու ռիսկերը մեծանում են։

«Հետևաբար՝ տարածաշրջանը հայտնվելու է պատերազմի կրակի մեջ. Մերձավոր Արևելքից մինչև Կովկաս ու Միջին Ասիա կարող է բռնկվել պատերազմով, ինչն իր ազդեցությունը կունենա նաև Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի վրա։ Սա կարող է օգտագործել նաև թուրք-ադրբեջանական տանդեմը, և Անդրկովկասում սկսեն ռազմական գործողություններ։ Եթե Իսրայելն անի անպատասխանատու քայլեր, ապա բոլորին է վտանգելու։ Այս պահին Իսրայելն է, որ ամենաշատը ապակայունացնում է տարածաշրջանը։ Իրանը տարիներ ի վեր ցույց է տվել, որ Իրանը տարածաշրջանում անվտանգության պահպանության լուրջ գործոն է։ Տարիներ շարունակ ականատես ենք եղել, թե ինչպես է Իրանն ԻԳԻԼ-ի դեմ պայքարում և ինչ դեր ունեցավ Սիրիայում ու Իրաքում նրանց ոչնչացնելու հարցում»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նրա դիտարկմամբ՝ այս պահին Իրանը մեծ դեր ունի նաև Հարավային Կովկասում անվտանգությունը պահպանելու առումով։ Եթե Իրանը չլիներ, ապա Թուրքիայի ու Ադրբեջանի ձեռքերն ազատ կլինեին, և հարձակումը Հայաստանի, մասնավորապես՝ Սյունիքի վրա անխուսափելի էր դառնալու, որպեսզի իրագործեին իրենց վաղեմի երազանքը։

«Իրանը նաև մեծ դեր խաղաց՝ չեզոքացնելու թուրք-ադրբեջանական տանդեմի ցանկությունները՝ բացել «Զանգեզուրի միջանցքը», այս մասին փաստել է նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ ընդգծելով, որ Իրանն է խոչընդոտում «միջանցքի» բացմանը։

Իհարկե, Թուրքիան և Ադրբեջանը սպասում են, որ Իրանն այլ ճակատներում բախման մեջ լինի ու խնդիրներ ունենա, իրենք էլ առիթն օգտագործեն ու ինչ-որ գործողություններ անեն Կովկասում։ Իրանը պատրաստ է՝ մի քանի ճակատներով պատերազմի և իր  շահերն ու անվտանգությունը պահպանի, որովհետև ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ Կովկասում  Իրանի շահերի պահպանումը կարևոր է  կայունությունը պահպանելու համար»,- եզրափակեց Փ. Հոսսեյնին։

Տեսանյութեր

Լրահոս