Թուրքիան չի ցանկանում, որ տարածաշրջանում լարվածությունն ուժեղանա․ Ֆիդանը՝ Իրանի արտգործնախարարին
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը այսօր հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդուլլահյանի հետ։ Այս մասին հայտնել են Թուրքիայի ԱԳՆ դիվանագիտական աղբյուրները։
Զրույցի ընթացքում Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան չի ցանկանում, որ տարածաշրջանում լարվածությունն ուժեղանա Իսրայելի դեմ Իրանի գործողությունից հետո և ցանկանում է վերջ դնել լարվածության աճին նպաստող քայլերին:
Իրանի ԱԳ նախարարն իր հերթին հայտարարել է, որ Իսրայելի դեմ պատասխան գործողությունն ավարտվել է, և որ Իրանը նոր գործողություն չի սկսի, եթե նրա վրա չհարձակվեն:
Նա հավելել է, որ եթե Իրանը կրկին հարձակման ենթարկվի, ապա այս անգամ ավելի կոշտ պատասխան կտա:
Հիշեցնենք,որ Իրանը շաբաթ գիշերն իր տարածքից ավելի քան 300 հարվածային անօդաչու թռչող սարք և հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչն Իսլամական Հանրապետության առաջին ուղիղ հարձակումն էր Իսրայելի վրա: Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին ասել է, որ ընդհանուր առմամբ Իրանը ավելի քան 300 զինատեսակ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ 170 անօդաչու թռչող սարք, 30 թևավոր և 120 բալիստիկ հրթիռ, և որ դրանց 99%-ը որսացել է Իսրայելի հակաօդային պաշտպանությունը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ զրույցում ասել է, որ Իրանի հարձակnւմն անհաջող էր և որ դա Իսրայելի համար հաղթանակ էր:
Մինչդեռ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իսրայելի ցանկացած նոր արկածախնդրություն կարժանանա ավելի ծանր պատասխանի:
«Հետևելով մեր երկրի զինված ուժերի պատմական, հզոր և հաղթական գործողությանը՝ ապրիլի 13-ի ռազմական հարձակմանը, որը ծրագրվել և իրականացվել է ի պատասխան Իրանի Իսլամական Հանրապետության նպատակների և շահերի դեմ սիոնիստական ռեժիմի ագրեսիվ գործողությունների, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, երկրի բոլոր պաշտպանական և քաղաքական հատվածների հետ համագործակցությամբ և համակարգմամբ, երեկ երեկոյան նոր էջ է բացել Իրանի հեղինակության պատմության մեջ և դաս տվել սիոնիստ թշնամուն», – ասել է Իրանի նախագահը:
Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Հոսեյն Բաղերին, մեկնաբանելով Իրանի գիշերային հարձակումն Իսրայելի վրա, հայտարարել է, որ իրենք այս գործողությունը դիտարկում են որպես արդյունք և իրենց տեսանկյունից այն ավարտվել է, այն շարունակելու մտադրություն չկա:
«Բայց եթե սիոնիստական ռեժիմը որևէ քայլ ձեռնարկի նաև մեր դեմ, մեր հողի վրա կամ Սիրիայում կամ այլ երկրում մեզ պատկանող օբյեկտներում, մեր հաջորդ գործողությունն ավելի մեծ կլինի», – նախազգուշացրել է Բաղերին: