Իրանն արձակել է 170 անօդաչու, 30 թևավոր, 120 բալիստիկ հրթիռ. Իսրայելի ՀՕՊ-ը ոչնչացրել է դրանց 99%-ը
Իրանը շաբաթ գիշերը իր տարածքից ավելի քան 300 հարվածային անօդաչու թռչող սարք և հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչն Իսլամական Հանրապետության առաջին ուղիղ հարձակումն էր Իսրայելի վրա: Այս մասին հայտնում է Times of Israel-ը:
Իսրայելի ժամանակով 1:42-ին երկրում գործարկվել են օդային տագնապի ազդանշաններ: Երկիրն օդ է բարձրացրել բազմաթիվ կործանիչներ՝ հակազդելու հարձակմանը:
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին ասել է, որ ընդհանուր առմամբ Իրանը ավելի քան 300 զինատեսակ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ 170 անօդաչու թռչող սարք, 30 թևավոր և 120 բալիստիկ հրթիռ, և որ դրանց 99%-ը որսացել է Իսրայելի հակաօդային պաշտպանությունը:
«Սա շատ կարևոր ռազմավարական ձեռքբերում է», – ասել է նա առավոտյան մամուլի ասուլիսում:
Նշվում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի և նրա դաշնակիցների կողմից բոլոր 170 անօդաչու թռչող սարքերը և 30 թևավոր հրթիռները խոցվել են երկրի սահմաններից դուրս: Ոչ մի անօդաչու թռչող սարք կամ թևավոր հրթիռ չի կարողացել ներխուժել Իսրայելի օդային տարածք։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հեռահար «Arrow» հակաօդային պաշտպանության համակարգը կարողացել է տապալել 120 բալիստիկ հրթիռների «ճնշող մեծամասնությունը», թեև մի քանիսը ներթափանցել են Իսրայելի պաշտպանությունը և հարվածել Իսրայելի հարավում գտնվող Նևաթիմ ավիաբազային:
Նևաթիմում «թեթև վնաս» է հասցվել ենթակառուցվածքին, սակայն ավիաբազան աշխատում է սովորական ռեժիմով, ասել է Հագարին: