Նիկոլը դրսում փիսիկ է, ներսում՝ վիշապ. իմ կալանքը Նիկոլի վախի և ոխի հետևանքն է. Արմեն Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Քաղաքացի Ռուզան Ստեփանյանը նրան հարցրել է.
«Պարոն Աշոտյան, երեկ դիտում էինք Ձեր դատական նիստը։ Տեսանք, թե ինչ թվով պատգամավորներ գարանտ կանգնեցին ձեր ազատ արձակվելու համար։ Ձեզ ազատ չարձակելը ևս մեկ անգամ չի՞ փաստում այն, որ ժողովրդավարությունը մեզ մոտ հավասար է զրոյի, և ինչո՞ւ ժողովրդավարության բարձր ջատագով Եվրոպան չի արձագանքում Ձեր և մնացած քաղբանտարկյալների վրա կարած շինծու քրեական գործերին»:
Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.
«Իմ և մնացած քաղբանտարկյալների գործերով դատական նման վճիռները գալիս են ապացուցելու այն, ինչ ի հակառակ պաշտոնական ճոռոմաբանության՝ արձանագրվում է տարբեր մասնագիտացված միջազգային զեկույցներում։ Այո՛, Հայաստանի դատական համակարգը կոռումպացված է, քաղաքականացված է և կախյալ է։
«Հայաստանը՝ ժողովրդավարության բաստիոն» բարբաջողները կարող են նույն ոգևորությամբ և հաջողությամբ հայտարարել, որ Հայաստանը փղերի բնօրրանն է։
Իմ կալանքը Նիկոլի վախի և ոխի հետևանքն է։ Սակայն բոլոր այն միջազգային գործընկերները, որոնք, ելնելով իրենց քաղաքական շահերից, շոյում են Փաշինյանի գլուխը, աչք փակում Հայաստանում ժողովրդավարության ճգնաժամի վրա, հանցակից են դառնում այս լայնածավալ քաղաքական ռեպրեսիաներին։
Մեր երկրում արմատավորված է պոպուլիստական, հակաազգային, ավտորիտար ռեժիմ։ Սակայն Նիկոլի պարագայում անգամ ավտորիտարիզմն է խեղված, քանզի տիպային ավտորիտար ռեժիմներն աչքի են ընկնում ոչ միայն ներքին կյանքի բռնաբարություններով, այլև նվազագույնը վերբալ մակարդակում խրոխտ արտաքին քաղաքականություն վարելու կողմնակիցն են։
Փաշինյանի դեպքում աղաղակող քաղաքական ռեպրեսիաներն ուղեկցվում են թուլամիտ և թուլամորթ արտաքին օրակարգով։ Նիկոլը դրսում փիսիկ է, ներսում՝ վիշապ, ինչը էլ ավելի է հյուծում Հայաստանի՝ առանց այդ էլ ավերված պաշտպանական և դիմադրողական մեխանիզմները»:
Մանրամասները՝ տեսանյութում: