Բաժիններ՝

Երևանում մարտին տոմսային համակարգով վճարումները 1 %-ի էլ չեն հասել. Sputnik Արմենիա

Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող հասարակական տրանսպորտային միջոցների բոլոր` 760 շահագործվող շարժակազմերում տեղադրված են վճարային տերմինալներ (վալիդատորներ), բայց չնայած դրան, հասարական տրանսպորտից օգտվող քաղաքացիների շատ փոքր մասն է օգտվում դրանցից։ Մեր հաշվարկներով՝ մարտին տոմսային համակարգով վճարումները 1 %-ի էլ չեն հասել (0,3 %)։

Այսօր Երևանի հասարակական տրանսպորտում վճարումը կատարում է հիմնականում վարորդին մետաղադրամ փոխանցելով կամ մետաղադրամը համապատասխան սարքի մեջ գցելով։

Ըստ Sputnik Արմենիային տված գրավոր պատասխանի` Երևանի քաղաքապետարանը հստակ թվեր չունի, թե օրական հանրային տրանսպորտից քանի քաղաքացի է օգտվում։ Այնուհանդերձ, Երևանի քաղաքապետարանը տոմսային համակարգով կատարված վճարումների մասով որոշակի թվեր արձանագրում է։

Հարցին, թե վերջին մեկ ամսվա կտրվածքով քանի՞ քաղաքացի է օգտվել վճարային տերմինալներից, Երևանի քաղաքապետարանից հայտնում են.

«Մարտին տոմսային համակարգի միջոցով վճարվել է շուրջ 107 000 ուղևորության համար»։

Մինչդեռ քաղաքապետարանի կայքում հրապարակված «Երևանի հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգ» տեխնիկական պահանջում ընդգծված է, որ համաձայն 2016 թվականին իրականացված ուսումնասիրության՝ Երևանում ուղևորահոսքը օրական միջինում կազմում է շուրջ 600.000 ուղևոր։

Այսինքն` եթե ենթադրենք, որ մեկ քաղաքացին օրական ամենաքիչը 2 անգամ օգտվում է հասարակական տրանսպորտից, ամսական միջինում ուղևորահոսքը կազմում է 36.000.000, ու ստացվում է, որ Երևանում հասարակական տրանսպորտի տոմսային համակարգից օգտվողների թիվը կազմում է 0,3%։

Միաժամանակ Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ այս տարվա սեպտեմբերից ուղեվճարների քարտային համակարգի ներդրման պարագայում քարտի բալանսը վերալիցքավորելու համար անհրաժեշտ են լինելու վճարային տերմինալներ, իսկ արդեն գործող տերմինալների ծրագրային խնդիրները հրատապ լուծվում են։

Հասարակական տրանսպորտում տեղադրված են նաև 100 դրամանոց մանրադրամ ընդունող սարքեր, որոնք սեպտեմբերից, տոմսային համակարգի լիարժեք գործարկումից հետո, աստիճանաբար դուրս են գալու հասարականան տրանսպորտից։

Քաղաքային իշխանությունը նաև ընդգծում է, որ պետական բյուջեից գումար չի հատկացվել հասարակական տրանսպորտը վճարային տերմինալներով ապահովելու համար, քանի որ նախագիծը իրականացվում է ֆինանսական օպերատորի միջոցներով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս