Էստոնիան ցանկանում է հարկ սահմանել քաղցր ըմպելիքների համար
Էստոնիայի կառավարությունը հավանություն է տվել քաղցր ըմպելիքների արտադրության համար հարկ սահմանելու օրինագծին։ Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Հարկի սահմանումն ուղղված է մարդկանց առողջության բարելավմանը` բնակիչներին դրդելով շաքարի ավելի ցածր պարունակությամբ կամ առանց շաքարի ու քաղցրացուցիչների ըմպելիքներ օգտագործել»,- երեկ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը:
Հարկագումարները կախված են արտադրանքի մեջ շաքարի պարունակությունից և քաղցրացուցիչների օգտագործումից: Այսպիսով, 100 միլիլիտր ըմպելիքի համար 5 գրամից ավել շաքար պարունակող ըմպելիքները ենթակա են հարկման։ 5-ից 8 գրամ շաքար պարունակող ըմպելիքները մեկ լիտրի համար հարկվում են 0,15 եվրոյի չափով:
100 միլիլիտրի համար 8 գրամից ավել շաքար պարունակող ըմպելիքը ենթակա է հարկման 0,45 եվրոյի չափով` մեկ լիտրի համար, իսկ այն ըմպելիքը, որը պարունակում է միայն քաղցրացուցիչ կամ պարունակում է ինչպես քաղցրացուցիչ, այնպես էլ շաքար 5 գրամից պակաս` 100 միլիլիտր ըմպելիքի համար, ենթակա է հարկման 0,15 եվրոյի չափով։
Որպես սննդային հավելումներ օգտագործվող հեղուկները չեն համարվում քաղցր ըմպելիքներ: Հարկից ազատվում են նաև մրգերի, հատապտուղների և բանջարեղենի հյութերը, որոնցում չկա շաքար կամ քաղցրացուցիչ, կաթն ու կաթնամթերքը, ինչպես նաև կաթի փոխարեն օգտագործվող բուսական ծագման ըմպելիքները։
Եթե խորհրդարանը հաստատի այս օրենքը, այն ուժի մեջ կմտնի 2026 թ. հունվարի 1-ից։