Բլինքենն Իսրայելին ԱՄՆ-ի աջակցությունն է խոստացել Իրանի կողմից ցանկացած սպառնալիքին դիմակայելու հարցում
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ խոսակցության ժամանակ հայտարարել է Իրանի կողմից ցանկացած սպառնալիքին դիմակայելու հարցում Վաշինգտոնի աջակցության մասին: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հաղորդում է Պետդեպարտամենտը։
«Պետքարտուղար Բլինքենը հաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը Իսրայելի անվտանգությանը և հասկանալ է տվել, որ Միացյալ Նահանգները կաջակցի Իսրայելին՝ դիմակայելու Իրանի և նրա հովանավորյալների կողմից ցանկացած սպառնալիքի», – ասվում է Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Բլինքենն ու Գալանտը քննարկել են «բոլոր պատանդների ազատ արձակումն ապահովելու ջանքերը՝ հիմնված Գազայում անհապաղ հրադադարի շուրջ համաձայնագրի վրա»։
Պետդեպարտամենտի ղեկավարը նաև ողջունել է Գազա մարդասիրական օգնության առաքումը հեշտացնելու նպատակով հրատապ միջոցառումների վերաբերյալ Իսրայելի հայտարարությունները:
«Պետքարտուղարն ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ Իսրայելն արագորեն կկատարի իր պարտավորությունները հումանիտար օգնության և հակամարտությունների կարգավորման ոլորտներում», – հայտնել են ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունում: