Օտարերկրյա գործակալները պատառոտում են Վրաստանը. Ստանիսլավ Տարասով

Վրաստանում խորհրդարանական մեծամասնությունը կրկին նախաձեռնել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագիծը, որը հետ էր կանչվել 2023թ. մարտին։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչներն ընդգծում են՝ «նախագծի միակ նպատակը ԶԼՄ-ների և ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսավորման թափանցիկության ապահովումն է», մասնավորապես նշվում է՝ օրենքը չի վերաբերում անձանց, այլ միայն այն կազմակերպություններին, որոնց արտասահմանյան դոնորներն ավելացրել են գաղտնի ֆինանսավորումը՝ չնայած թափանցիկության մասին խոստումներին:

Հիշեցնենք՝ 2023թ. փետրվարին նման օրինագիծ արդեն ներկայացվել էր Վրաստանի խորհրդարան և նույնիսկ առաջին ընթերցմամբ ընդունվել։ Սակայն ավելի շատ արևմտյան գործընկերների ուժեղ ճնշման, այլ ոչ թե ընդդիմության բողոքի պատճառով փաստաթուղթը հետ կանչվեց։ Ի պատասխան դրա՝ հեղինակները՝ վեց պատգամավոր, որոշեցին մարտավարական քայլ ձեռնարկել. դուրս գալով «Վրացական երազանքից»՝ հիմնեցին «Ժողովրդի ուժը» շարժումը, որը պատրաստել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքների փաթեթը: Նրանք առաջարկում են՝ ՀԿ-ներն ու ԶԼՄ-ները, եթե իրենց ֆինանսավորման ավելի քան 20%-ը գալիս է արտերկրից, պետք է գրանցվեն հատուկ գրանցամատյանում և ամեն տարի զեկուցեն իրենց ծրագրերի ֆինանսավորման աղբյուրների և նպատակների մասին. Օրենքը խախտելը պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով։ Այժմ նոր օրինագծում միայն փոքր փոփոխություն է մտցվում՝ «օտարերկրյա ազդեցության գործակալ» տերմինի փոխարեն՝ օգտագործվում է «օտարերկրյա տերության շահերն իրականացնող կազմակերպություն» ձևակերպումը, բայց էությունը դրանից չի փոխվում։

Իշխանությունը լուրջ պատրաստվածություն է ցուցաբերում հոկտեմբերին կայանալիք ընտրություններին և փորձում է վերահսկողության տակ վերցնել ընդդիմության ֆինանսավորումը։ Իր հերթին՝ ընդդիմությունը գտնում է՝ օրինագիծը խարխլում է իր գործունեության ֆինանսական հիմքը, և իրադարձությունների ընթացքը որակում է՝ որպես «ժողովրդավարության հիմքերի խարխլում»: Միևնույն ժամանակ, Վրաստանում «ներտեսակային քաղաքական պայքար» է ընթանում, քանի որ և իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» միասին հանդես են գալիս եվրաինտեգրման և ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության օգտին: Պառակտումը վերաբերում է միայն Ռուսաստանի նկատմամբ Վրաստանի քաղաքականությանը, հակառուսական պատժամիջոցներին միանալուց Թբիլիսիի հրաժարվելուն և նրա դեմ, այսպես կոչված, «երկրորդ ճակատ» բացելուն: Պատահական չէ, որ ընդդիմությունն օտարերկրյա գործակալների մասին օրինագիծն անվանում է «ռուսական» և ցույց է տալիս Արևմուտքի և Ռուսաստանի դիմակայության հարացույցում ընտրական արշավ անցկացնելու  մտադրությունները՝ սպառնալով, որ «Վրաստանը շուտով կդադարի անվտանգ հանգրվան լինել ներկայիս գլոբալ և տարածաշրջանային փոթորկի մեջ»։

Չնայած այն հանգամանքին, որ ընդդիմությունը վայելում է Արևմուտքի ակտիվ աջակցությունը, սոցիոլոգիական չափումները ցույց են տալիս, որ նա ընտրություններում մեծամասնություն չի ստանա և չի կարող հասնել սահմանադրական ճանապարհով իշխանության գալուն։ Ուստի կա հավանականություն, որ Արևմուտքը կարող է հրաժարվել Վրաստանում ընտրությունների արդյունքների ճանաչումից և կկենտրոնանա երկրում իրավիճակի ապակայունացման վրա՝ թեժացնելով առանձին քաղաքական գործիչների քաղաքական հավակնությունները, ինչպիսին է ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Այժմ նա բացահայտ, հաճախ կոպիտ ձևով քննադատում է իր երկրի կառավարությանը և նույնիսկ վերջերս իր ողջ նախագահական ժամկետի ընթացքում առաջին անգամ կիրառեց վետոյի իրավունքը, որը, ճիշտ է, հեշտությամբ հաղթահարվեց խորհրդարանի կողմից։

Միևնույն ժամանակ, Արևմուտքը չի թաքցնում Անդրկովկասում, այսպես կոչված, «Վրաստան-Հայաստան միասնական ժողովրդավարական դաշինք» ստեղծելու մտադրությունները և այդ պատճառով հարձակվում է Թբիլիսիի վրա՝ օտարերկրյա գործակալների մասին օրինագծի հետ կապված։ Այսպես, Գերմանիայի կանցլերի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Քրիստիանե Հոֆմանը կոչ է արել Վրաստանին «հետևել եվրոպական արժեքներին»՝ նախազգուշացնելով, որ «Թբիլիսին կարող է զրկվել եվրոպական հեռանկարներից»: Դժգոհություն են դրսևորում Եվրոպայի խորհուրդը, ԱՄՆ-ը և նույնիսկ ՄԱԿ-ը։ Թբիլիսին պատասխանում է՝ հիմնավորվամբ, որ նման օրենք կա ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, որ «երկիրն ունի ինքնիշխանություն», և «այն չպետք է նորից մասնատել»։ Սակայն, վրացի փորձագետների գնահատմամբ, նման փաստարկները դժվար թե ընկալվեն Բրյուսելի և ընդդիմության ուժերի կողմից, որոնք արդեն սկսել են համատեղ բողոքի ակցիաների շուրջ խորհրդակցությունները: «Վրացական երազանքը» պատասխանել է՝ այս անգամ, չնայած հնարավոր բողոքներին, «հետ չի կանչի նախագիծը»: Այսպիսով, դրվում են մաքսիմալիստական նշաձողեր, և բոլորը սպասում են, թե ինչ կհաջորդի:

Հրապարակման պատրաստեց՝ Գ.Մ.-ն

iarex.ru

Տեսանյութեր

Լրահոս