ԱՄՆ-ն հավանություն է տվել Ուկրաինային 138 մլն դոլարի HAWK ԶՀՀ-ների սպասարկման համակազմերի վաճառքին
ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային 138 միլիոն դոլար գումարի ռազմական տեխնիկայի հնարավոր շտապ վաճառքին HAWK զենիթահրթիռային համակարգերի սպասարկման համար: Այս մասին հաղորդում է ԱՄՆ Պաշտպանության և անվտանգության համագործակցության գործակալությունը:
«HAWK հրթիռային համակարգն աշխատանքային վիճակում պահելը կբարձրացնի Ուկրաինայի կարողությունը` պաշտպանելու իր ժողովրդին և կարևոր ազգային ենթակառուցվածքները», – ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ միջոցները կօգտագործվեն կապի համակարգերի նախագծման և ինտեգրման, համակարգերի արդիականացման, գործիքների հավաքածուների և փորձարկման սարքավորումների, պահեստամասերի, վերապատրաստման և ԱՄՆ-ի կողմից այլ աջակցության համար:
Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ HAWK-ի ֆինանսավորումը համապատասխանում է ԱՄՆ-ի շահերին, ուստի Պետքարտուղարությունը մերժել է այդ գործարքի «վերանայման վերաբերյալ Կոնգրեսի պահանջները»՝ սպառազինությունների արտահանման վերահսկման օրենքին համապատասխան:
Պենտագոնի պաշտպանության և անվտանգության համագործակցության գործակալությունը հնարավոր վաճառքի մասին անհրաժեշտ ծանուցումը Կոնգրեսին ուղարկել է ապրիլի 9-ին։