
Իսրայելը խոստացել է պատասխանել Թուրքիայի կողմից արտահանման սահմանափակումներին

Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իր երկիրը պատասխան սահմանափակումներ կմտցնի Թուրքիայից ներմուծվող ապրանքների նկատմամբ: Այս մասին հաղորդում է Haaretz հրատարակությունը։
«Արտգործնախարար Կացը հայտարարել է, որ Իսրայելն իր սեփական առևտրային սահմանափակումները կպատրաստի Թուրքիայից ապրանքների նկատմամբ՝ ի պատասխան դեպի Իսրայել արտահանվող ապրանքների նկատմամբ Թուրքիայի սահմանափակումների», – ասվում է հրապարակման մեջ։
Նախարարը նշել է, որ իր կարծիքով՝ Անկարան «դարձյալ իր տնտեսական շահերը զոհաբերում է ՀԱՄԱՍ-ին աջակցելու համար»։
Իսրայելի ԱԳՆ-ն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիան «միակողմանի կարգով խախտել է Իսրայելի հետ առևտրային համաձայնագրերը, և երկիրը բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկի այդ գործողություններին պատասխանելու համար»։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Արմենպրես»-ը, Թուրքիայի առևտրի նախարարությունը սահմանափակել է 54 անուն արդյունաբերական ապրանքների արտահանումը Իսրայել: Ըստ գերատեսչության՝ սահմանափակումները կգործեն մինչև Գազայի հատվածում ռազմական գործողությունների ավարտը և այնտեղ մարդասիրական օգնության անարգել առաքման համար պայմանների ստեղծումը: