Բաժիններ՝

Եվրոպական երկրները Հյուսիսային ծովի ենթակառուցվածքները պաշտպանելու շուրջ համաձայնագիր են ստորագրել

Հյուսիսային ծովին սահմանակից վեց պետությունները համաձայնագիր են ստորագրել ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանության գործում համագործակցության վերաբերյալ։ Համապատասխան փաստաթուղթը ստորագրել են Գերմանիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Նորվեգիայի և Նիդեռլանդների ներկայացուցիչները։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Համաձայնագիրն ստորագրած երկրները տեղեկատվություն կփոխանակեն՝ Ռուսաստանի կողմից հնարավոր հարձակումները կանխելու նպատակով։ Ըստ հրապարակման՝ ստորջրյա մալուխների և խողովակաշարերի վրա հարձակումների սպառնալիքը մեծապես աճել է վերջին տարիներին, և դրա կանխումը դարձել է արևմտաեվրոպական երկրների առաջնահերթությունն անվտանգության ոլորտում:

Իրավիճակը կտրուկ վատթարացել է 2022 թ. սեպտեմբերին Բալթիկ ծովում «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների պայթելուց հետո։ Ռուսաստանն ու Արևմուտքը կատարվածի համար մեղադրում են միմյանց:

Անցյալ մայիսին ՆԱՏՕ-ն հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է սաբոտաժի ենթարկել ստորջրյա մալուխները՝ պատժելու արևմտյան երկրներին Ուկրաինային աջակցելու համար: Իսկ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական ​​շարժման միջև Գազայի հատվածում պատերազմի պատճառով գլոբալ ռիսկերն անվտանգության ոլորտում միայն ուժեղացել են։

«Հյուսիսային ծովն այն շարժիչն է, որն առաջ է մղում Եվրոպայի փառասիրական պլանները վերականգնվող էներգետիկայի, կլիմայական չեզոքության ոլորտում և նպաստում էներգետիկ անվտանգության ուժեղացմանը մայրցամաքում: Ուստի այժմ և առաջիկայում շատ կարևոր է պաշտպանել չափազանց կարևոր էներգետիկ ենթակառուցվածքները», – ընդգծել է Մեծ Բրիտանիայի միջուկային և վերականգնվող էներգետիկայի նախարար Էնդրյու Բոուին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս