Չինաստանն արձագանքել է ԱՄՆ մտահոգություններին՝ կապված Պեկինի արդյունաբերական հզորության հետ
Չինաստանը «լիարժեք և ռացիոնալ կերպով» արձագանքել է ապրիլի 4-9 Չինաստանում գտնվող ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Ելենի բարձրացրած մտահոգություններին՝ կապված ՉԺՀ-ի արդյունաբերական հզորության հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել Չինաստանի պետական խորհուրդը։
Ամերիկացի պաշտոնյայի այցի կապակցությամբ լրագրողների հետ ճեպազրույցում Չինաստանի ֆինանսների փոխնախարար Լիաո Մինն ասել է, որ արդյունաբերական հզորության հարցը պետք է դիտարկել՝ պահպանելով շուկայական տնտեսության սկզբունքները և արժեքի օրենքը։
«Այսպես կոչված «գերհզորությունը» շուկայական մեխանիզմի դրսևորումն է, որը կատարում է իր դերը: Առաջարկի և պահանջարկի հավասարակշռությունը հարաբերական է, մինչդեռ անհավասարակշռությունը հաճախ նորմա է», – ասել է Լիաո Մինը:
Նշելով, որ գերհզորությունը պատմության ընթացքում բազմիցս է ի հայտ է եկել ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ արևմտյան այլ երկրներում, փոխնախարարն ասել է, որ այդ խնդիրների լուծումը հիմնականում կախված է նրանից, որ «շուկան իրեն հարմարեցնի՝ ըստ արժեքի օրենքի»։
Փոխնախարարը միևնույն ժամանակ նշել է, որ արդյունաբերական հզորությունը պետք է վերլուծվի համաշխարհային շուկայում իրական իրավիճակների հիման վրա։ Նա որպես օրինակ նշել է այլընտրանքային էներգիայով աշխատող մեքենաները, որոնց պահանջարկը շատ ավելի մեծ է, քան ներկայիս առաջարկը։
«Չինաստանն ի գիտություն է ընդունել Միացյալ Նահանգների և այլ համապատասխան կողմերի մտահոգությունները և պատրաստ է ամրապնդել հաղորդակցությունն ու համակարգումը բոլոր կողմերի հետ՝ տարաձայնությունները ռացիոնալ կերպով դիտարկելու և պատշաճ կերպով լուծելու համար՝ շուկայականացման սկզբունքին հավատարիմ մնալու հիման վրա», – ասել է Լիաո Մինը՝ հավելելով, որ Չինաստանն այս հարցի շուրջ կշարունակի շփումներն ամերիկյան կողմի հետ աշխատանքային խմբի մակարդակով։
Ջանեթ Ելենը Պեկինում կայացած մամուլի ասուլիսում ապրիլի 8-ին հայտնել էր, որ անհանգստանում է «սաստկացող բացասական ազդեցության» պատճառով, որ Չինաստանի տնտեսությունը գործում է Միացյալ Նահանգների և աշխարհի վրա: