Քոքսը հանդիպել է սոցապնախարարի հետ. ինչ է պատրաստ անել նրա ղեկավարած հիմնադրամը ՀՀ–ում

«Humanitarian Aid Relief Trust» (HART) բարեգործական կազմակերպության պատվավոր նախագահ բարոնուհի Քերոլայն Քոքսը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության գործընթացին առնչվող մի շարք հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱՍՀ նախարարության մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների որակի բարելավմանը։

«Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության տրամադրման գործընթացը։ Նախարարը խոսել է հայրենակիցներին ուղղված միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի իրականացման ուղղությամբ ՀՀ կառավարության տեսլականի մասին։ Նշել է, որ վերջիններիս կենսապայմանների բավարարումը շարունակում է մնալ պետության ուշադրության առանցքում»,- ասված է հաղորդագրությունում։

Անդրադարձ է կատարվել նաև անկախ կյանքի կենտրոնների ստեղծման ուղղությամբ նախատեսվող քայլերին։ Քննարկվել են նաև տարեցների, հոգեկան և մտավոր առողջության խնդիրներ ունեցող անձանց` պետության կողմից պատվիրակվող ծառայությունների շրջանակը։

Բարոնուհին նշել է, որ HART-ը ևս պատրաստ է ներգրավվել անհրաժեշտ ծառայությունների տրամադրման գործընթացում, ինչպես նաև ջանքեր ներդնել համագործակցության զարգացման ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս