«Եթե Էրդողանը շարունակի նույն կերպ գործել, նրա քաղաքական կյանքը կկրճատվի». Իմամօղլու

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամ, Ստամբուլի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների արդյունքում քաղաքապետի պաշտոնում վերընտրված Էքրեմ Իմամօղլուն զրուցել է բրիտանական «Financial Times» թերթի թղթակցի հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Իմամօղլուն, անդրադառնալով ՏԻՄ ընտրություններում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) կրած պարտությանը, խոսել է նաև Էրդողանի մասին:

«Եթե նա չհրաժարվի այն քաղաքակությունից, որով պետությունը ենթարկվում է մեկ մարդու կամքին, քաղաքական ապագայի համար պետք է անհանգստանալ: Եթե Էրդողանը շարունակի չհասկանալ ընտրողի ուղերձն ու անել նույն բանը, կկրճատի իր քաղաքական կյանքը: Ամեն ինչ նրա ձեռքերում է»։

Զրույցի ընթացքում Իմամօղլուին նաև հարց է ուղղվել, թե արդյոք նա անհանգստանում է իր դեմ հարուցված դատական գործերի մասով։

«Էրդողանը կարող է վախենալու մարդ լինել»,- արձագանքել է ԺՀԿ-ական քաղաքապետը։

Թերթում հրապարակված նյութում տեղ են գտել նաև «Financial Times»-ի սեփական գնահատականները՝ կապված Թուրքիայի ՏԻՄ ընտրությունների արդյունքների հետ:

Թերթը Իմամօղլուին որակել է որպես Էրդողանի գլխավոր մրցակից և նշել, որ դա վերստին հաստատում են ընտրությունների արդյունքները:

«Անցած շաբաթավերջին Էքրեմ Իմամօղլուի Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում վերընտրվելը մեծ ոգևորություն առաջացրեց Թուրքիայում վերածնվող ընդդիմության շրջանում և հաստատեց, որ 52 տարեկան Իմամօղլուն Էրդողանի գլխավոր մրցակիցն է»:

Բացի այդ ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիրների տարած հաղթանակը որակվել է որպես Էրդողանի կուսակցության ստեղծումից ի վեր ԱԶԿ-ի ամենամեծ ընտրական պարտությունը:

Նշվում է նաև, որ 2023-ի մայիսյան համապետական ընտրություններից հետո Էրդողանը նպատակ ուներ երկրի ամենամեծ քաղաքի նկատմամբ կրկին հաստատել իր վերահսկողությունը, որի նպատակով էլ ԱԶԿ-ական թեկնածուների համար մեծ թափով ընտրարշավ էր իրականացնում:

Հիշեցնենք, որ Էքրեմ Իմամօղլուն Ստամբուլում հաղթել է ձայների 51.14 տոկոսով, իսկ ԺՀԿ-ն ընդհանուր ՏԻՄ ընտրություններում՝ 37.77 տոկոսով:

Տեսանյութեր

Լրահոս