Մակրոնի և Սի Ծինփինի հանդիպմանն ընդառաջ՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարը Պեկինում հանդիպել է իր չինացի գործընկերոջը
Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն Պեկինում հանդիպում է ունեցել Չինաստանի իր գործընկեր Վան Իի հետ՝ երկու երկրների ղեկավարների՝ մայիսին Փարիզում նախատեսված հանդիպմանն ընդառաջ։ Այս մասին հաղորդում է Euronews-ը։
Ըստ Սեժուրնեի՝ կողմերը քննարկել են իրենց տնտեսական հարաբերություններն «ամրապնդելու և վերահավասարակշռելու ցանկությունը»։
Հրապարակման համաձայն՝ Սեժուրնեն արտահայտել է եվրոպացի պաշտոնյաների հիմնական մտահոգությունները՝ կապված այն բանի հետ, որ չինական մատչելի էլեկտրական մեքենաների հոսքը կարող է ազդել Եվրոպայում ավտոարտադրության և աշխատաշուկայի վրա։
Կողմերը քննարկել են նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Ըստ Սեժուրնեի՝ Ֆրանսիան ակնկալում է, որ Չինաստանը «հստակ ուղերձներ կփոխանցի Ռուսաստանին»։ Euronews-ը նշում է, որ առայժմ Չինաստանի դիրքորոշումը, կապված Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների հետ, պարզ չէ։ Սեժուրնեն նշել է, որ Ֆրանսիան վճռական է սերտ երկխոսություն պահպանել Չինաստանի հետ՝ նպաստելու Ուկրաինայում տևական խաղաղության հասնելու ուղիներ գտնելու գործընթացին։