Հավատում ենք, որ հնարավոր է հասնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը․ Արարատ Միրզոյան

Արգենտինյան Todos Noticias հեռուստատեսության եթերում և առցանց հրապարակվել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ Բուենոս Այրեսում նկարահանված հարցազրույցը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Հայաստանի և Արգենտինայի միջև համագործակցության ընդլայնման հեռանկարներին, պաշտոնական այցի ընթացքում այդ ուղղությամբ կայացած քննարկումներին, ինչպես նաև Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին: Վերջինիս համատեքստում նշվել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումների, առկա մարտահրավերների և դրանց հանգուցալուծմանն ուղղված ՀՀ ջանքերի մասին:

«Բարդություններ կան, մարտահրավերներ կան, իհարկե, բայց մենք հավատում ենք, որ հնարավոր է հասնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը: Մեր կողմից մենք կառուցողական ջանքեր ենք գործադրում՝ լուծումներ գտնելու համար։ Երբ մենք խոսում ենք պայմանագրի ստորագրման մասին, ապա կան կարևոր կետեր, որոնց շուրջ պետք է լինի փոխհամաձայնություն: Դրանցից է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն ու սահմանների սահմանազատումը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա:»

Նախարար Միրզոյանը պատասխանել է նաև Եվրոպական միության, ՆԱՏՕ-ի հետ գործընկերությանը վերաբերող և այլ հարցերի:

«Մենք ժողովրդավարական երկիր ենք և ցանկանում ենք ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները։ Մենք տեսնում ենք, որ, օրինակ, Միացյալ Նահանգները և Եվրամիությունը (ԵՄ) հիմնական գործընկերներն են։ Մենք նաև տեսանք, որ ԵՄ-ն պատրաստ էր քաղաքացիական առաքելություն ուղարկել, և սահմանին իրավիճակը զգալիորեն բարելավվեց, նրանց ներկայությունը մեծապես նպաստում է տարածաշրջանի և Հայաստանի մի մասի խաղաղությանը»,- ասել է Միրզոյանը։

Ըստ նախարարի՝ Ռուսաստանը խաղաղության երաշխավորներ էր ուղարկել 2020 թվականին՝ Լեռնային Ղարաբաղում անվտանգության վերահսկման համար, սակայն տեղի են ունեցել բազմաթիվ հարձակումներ Հայաստանի սահմանի վրա։

«Անվտանգության այն մեխանիզմները, որոնք մենք ունեինք մի քանի տասնամյակ շարունակ, չաշխատեցին։ Այդ իսկ պատճառով մենք պետք է խնդրեինք, որ Եվրամիությունը գար ու դիտարկեր իրավիճակը։ Այժմ մենք խորացնում ենք տնտեսական և քաղաքական հարաբերությունները Բրյուսելի և Վաշինգտոնի հետ։ Ես դա շրջադարձ չէի անվանի, մենք փորձում ենք ապահովել մեր անվտանգությունը, և դրա համար տեսնում ենք, որ լավ գործընկերներ կան Արևմուտքում»,- ասել է Միրզոյանը։

Նրա խոսքով՝ այն խնդիրները, որոնք կան Ռուսաստանի հետ հարաբերություններում, անհնար է թաքցնել։

«Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությանը, ապա ոչ։ Դա այն կետը չէ, որն այսօր Հայաստանի օրակարգում է։ ԵՄ-ի դեպքում կարող եմ ասել, որ հայերն իսկապես ունեն եվրոպական ձգտումներ, և կցանկանայի մեջբերել ՀՀ վարչապետի խոսքերը՝ «Հայաստանը պատրաստ է մոտ գտնվել ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր է համարում»։

Տեսանյութեր

Լրահոս