Սյունիքի ավերիչ երկրաշարժը, որի հետևանքով քանդվեց նաև Տաթևի վանքը
Հայկական լեռնաշխարհը համարվում է աշխարհի երկրաշարժավտանգ վայրերից մեկը: Դա են փաստում այն ավերիչ երկրաշարժերը, որոնք տեղի են ունեցել լեռնաշխարհում և հայտնի են մեզ:
Դեռևս 6-րդ դարից սկսած մեզ հայտնի են ուժեղ երկրաշարժեր, որոնք իրենց հերթին՝ բերել են մեծ ավերածություններ: Հայաստանի Հանրապետությունը ևս գտնվում է Հայկական լեռնաշխարհի սեյսմիկ ակտիվ գոտում: Այդ համատեքստում հարկ է նշել, որ Հայաստանի տարածքը բաժանվում է 7-8 բալանոց սեյսմիկ գոտիների: Ավերիչ երկրաշարժերի պատմությունը թերթելով՝ առանձնահատուկ է և պատմության մեջ ամրագրված է Զանգեզուրի երկրաշարժը, որը տեղի է ունեցել 1931 թվականին: Այս երկրաշարժի հետևանքով էր, որ քանդվեց Տաթևի վանքը: Հատկանշական է, որ երկրաշարժի մասին հստակ տեղեկությունները քիչ են, իսկ առավել մանրամասներին ծանոթանալու համար հարկ է թերթել ժամանակի մամուլը:
1931 թվականի ապրիլի 27-ին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Սյունիքի մարզի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանային հատվածում: Երկրաշարժը գրանցվել է ժամը 20:40-22:50-ի միջակայքում: Մեծ վնասներ են կրել Սիսիան, Գորիս և Կապան քաղաքները, ինչպես նաև Տաթևի վանական համալիրը: Մասնավորապես երկրաշարժից ավերվել են Տաթևի վանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Սուրբ Աստվածածին եկեղեցիները: Հարկ է նշել, որ պաշտոնական տեղեկություններից զատ, 1931 թվականի ապրիլին Սյունիքում տեղի ունեցած երկրաշարժի մասին կարևոր տեղեկություններ է փոխանցում ժամանակի մամուլը: Մասնավորապես, «Ավանգարդ» թերթը մի շարք կարևոր տեղեկություններ է տրամադրում մեզ այդ օրերի իրադարձությունների մասին: Թերթի 98-րդ համարում կարդում ենք.
«Ապրիլի 27-ին, երեկոյան ժամի 8:40 րոպեին Սիսիանի շրջանում տեղի ունեցան ստորերկրյա ուժեղ ցնցումներ: Բազարչայ ենթաշրջանից բացի, մնացած բոլոր գյուղերում կան բազմաթիվ զոհեր, քանդվել են բազմաթիվ տներ և գոմեր: Մնացած տների 50 տոկոսը լուրջ ճեղքվածքներ են ստացել: Փլատակների տակ են մնացել և կոտորվել բավականին անասուններ: Ամբողջ ազգաբնակչությունը բացօթյա են մնացել: Անընդհատ անձրև է գալիս, որն անտանելի դրություն է ստեղծել ազգաբնակչության համար: Նույն դրության մեջ են նաև պետական հիմնարկները: Կազմակերպված շրջանային եռյակները գյուղեր են ուղարկել ամբողջ ակտիվն առաջին օգնություն կազմակերպելու և վնասները պարզելու համար: Անհրաժեշտ է շտապ օգնություն»: («Ավանգարդ»,1931 թվական, N 98):
Հարկ է նշել, որ «Ավանգարդ» թերթի ապրիլի 29-ի համարն օպերատիվ կերպով տալիս է երկրաշարժի վայրից ստացված առաջին տեղեկությունները: Թերթը թղթակցություններ է ստանում Սիսիանից, Գորիսից, Կապանից, ինչպես նաև Մեղրիից: Մասնավորապես Գորիսից ստացված տեղեկություններում նշվում է նաև երկրաշարժի տևողությունը.
«Ստորերկրյա ցնցումները եղել են 68 վայրկյան տևողությամբ………: Ցնցումները 53 րոպեից հետո կրկնվեց, որը տևեց 3 վայրկյան, բնակչությունը գրում է, դրությունը լուրջ է»: (Նույն տեղում):
Պարբերականը տեղեկություններ է տրամադրում նաև Մեղրի քաղաքում կատարվող իրադարձությունների մասին.
«Ստորերկրյա ցնցումների հետևանքով Շվանի Ձորում 5 գյուղ քանդված են, մարդկային զոհեր չկան»: (Նույն տեղում):
Պարբերականը տեղեկություններ է տրամադրում նաև երկրաշարժից հետո առաջին օրվա վնասների չափի մասին.
«Մինչև ապրիլի 28-ի ցերեկվա ժամի 2-ին ստացված տեղեկությունների համաձայն, երկրաշարժը տվել է հետևյալ վնասները: Գորիսի շրջանում երկրաշարժից մահացել են 97 հոգի, 150 հոգի վիրավորվել են: Սիսիանի շրջանում մահացել է 150 հոգի, 600 հոգուց ավելի վիրավորվել են: Սիսիանի շրջանի գյուղերի տներն 80 տոկոսով փլվել են: Ղափանի շրջանին երկրաշարժը տվել է մարդկային զոհեր: Ղափանի գործարանը կանգ է առել, էլեկտրոկայանի ջրատար առվի քանդվելու պատճառով»:
(Նույն տեղում):
Աղետի մասին տեղեկություններից զատ, նշվում է նաև, որ պետության կողմից կազմվել է նաև կառավարական արտակարգ հանձնաժողով, որը ղեկավարել է Արամայիս Երզնկյանը: Երզնկյանի նախագահությամբ իրականացվել են հումանիտար օգնություն ցուցաբերելու գործընթացներ: «Ավանգարդ» թերթը հաջորդ համարներում ևս տեղեկություններ է տրամադրում երկրաշարժի հասցրած վնասների մասին: Ցնցումներին հաջորդող օրերին արդեն իսկ իրականացվում էին վնասի գնահատման և փրկարարական աշխատանքները: Մամուլն իր հերթին՝ տալիս էր նաև զոհերի և ավերածությունների մասին իրենց տեղեկությունները, որոնք, սակայն, այդքան էլ տարբեր չէին պաշտոնական տեղեկություններից: Ամփոփելով՝ հարկ է նշել, որ պաշտոնական տեղեկություններով՝ երկրաշարժի հետևանքով ընդհանուր առմամբ զոհվել է 2890 մարդ: Միայն Սիսիան և Գորիս քաղաքների միջև ավերված գյուղերի թիվը հասել է 57-ի:
Զ. Շուշեցի