
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին

Ղրղզստանի աշխատանքի նախարարությունը զգուշացրել է, որ երկրի քաղաքացիներին սոցիալական ցանցերի միջոցով փորձում են հավաքագրել Ռուսաստանում ահաբեկչություններ իրականացնելու համար։ Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:
Նախարարությունը կոչ է անում չտրվել սադրանքներին:
«Ռուսաստանում աշխատանքի, սոցիալական ապահովության և միգրացիայի նախարարության ներկայացուցչությունն զգուշացնում է, որ սոցիալական ցանցերի և ճանաչում ունեցող մեսենջերների միջոցով տեղի է ունենում քաղաքացիների, այդ թվում՝ անչափահաս երեխաների ակտիվ հավաքագրում՝ Ռուսաստանի տարածքում ահաբեկչական գրոհներին մասնակցելու համար», – ասվում է Ղրղզստանի աշխատանքի նախարարության մամուլի ծառայության` մարտի 28-ին տարածված հաղորդագրության մեջ։
Դրանում նշվում է, որ հավաքագրողները հիմնականում գործում են ծանոթությունների կայքերի միջոցով, թիրախավորում են զոհերին՝ վերլուծելով նամակագրությունները տարբեր խմբերում՝ ըստ կրոնական, մշակութային, ազգային և այլ սոցիալական հատկանիշների, և շեշտը դնում խոցելի մարդկանց վրա, որոնք գտնվում են դեպրեսիայի մեջ կամ ինչ-ինչ դժվարություններ ունեն:
Ռուսաստանի տարածքում բնակվող կամ ժամանակավորապես գտնվող Ղրղզստանի քաղաքացիներին խնդրում են չտրվել տարբեր սադրանքների, սոցիալական ցանցերի միջոցով աշխատանքի չտեղավորվել, չմասնակցել տարբեր ակցիաների, ինչպես նաև հսկողություն իրականացնել երեխաների նկատմամբ։