13-14 տարեկան երեխեքը Ոսկեպարում զինվորագրվում են, նամակ են գրել՝ պաշտպանեք մեզ. Հրանտ Բագրատյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե չի քննարկվում Հայաստանի որևէ գյուղ որևէ մեկին հանձնելու հարցը. «Մենք հիմա նրանց փնտրտուքի մեջ ենք, որոնք համարում են, որ դա Հայաստանի տարածք է։ Ես ման եմ գալիս այդ մարդկանց, որ գան ու ապացուցեն, որ դա Հայաստանի տարածք է»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Այսօր Ազատության հրապարակում «Միասին» շարժման հանրահավաքի ժամանակ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասաց, որ այդ մարդն ինքն է և ասում է, որ Տավուշի այս հատվածներն ադրբեջանական չեն՝ բոլոր առումներով դրանք հայկական տարածքներ են։
«1980-ականներին Մոսկվայում և՛ Ադրբեջանն է ստորագրել, և՛ Հայաստանը, նույն Ոսկեպարի մոտ մենք ունենք ստանալիք 31 հազար հեկտար հող։ Պնդում եմ՝ եթե Ալեն Սիմոնյանը նման բան է ասել, ապա նա ստախոս է, ավելին քան ստախոս է»,- նշեց Հրանտ Բագրատյանը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե պետք է տարածքներ տան, քանի որ հակառակ դեպքում պատերազմ կլինի, Հրանտ Բագրատյանը հռետորական հարց ուղղեց.
«Իսկ դու ինչի՞ համար ես վարչապետ աշխատում, պատերազմի վտանգ կա՝ պատրաստվիր։ Չհասկացա, այսինքն՝ ցանկացած վարչապետ կարող է գա ու ասի՝ քանի որ պատերազմ կա Թուրքիայի հետ՝ հողերը տա՞նք։ Պաշտպանական մեխանիզմները չեն աշխատում, որովհետև ինքն է վարչապետը։ Այսօր Ոսկեպարում 13-14 տարեկան երեխաները զինվորագրվում են, մինչդեռ Երևանում մտածում են, թե դա կատակ է։ Նամակով դիմել են մեզ՝ երևանցիներին, թե՝ պաշտպանեք մեզ, մենք կջարդենք ադրբեջանական բանակը։ Բա այդ ինչպե՞ս էր, որ երբ ես էի վարչապետ, ադրբեջանական բանակն այդտեղ ջարդվեց, աշխատել է պետք, նա աշխատունա՞կ է, նա ի՞նչ է հասկանում զենքից, դա վախկոտների հավաքածու է։ Նրանց ոչ խելքն է պատում, ոչ համարձակությունը»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում