
Կամո Հովհաննիսյանը Չեխիայի ընտրանուն ֆիզիկապես ուժեղ թիմ է համարում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Կամո Հովհաննիսյանի կարծիքով Չեխիայի թիմը ֆիզիկապես ուժեղ ընտրանի է:
«Չեխիայի դեմ խաղին պատրասվել ենք այնպես, ինչպես մյուս թիմերի դեմ ենք պատրաստվում: Ոչ մի արտասովոր բան չկա: Մեզ դժվար հանդիպում է սպասում, քանի որ Չեխիայի հավաքականը որակապես բարձր մակարդակ ունեցող թիմ է»,-լրագրողների հետ նախախաղային ասուլիսի ժամանակ ասել է Հովհաննիսյանը:
Վերջինիս խոսքով` չեխերը ֆիզիկապես ուժեղ և տեխնիկապես գրագետ ֆուտբոլիստներ ունեն:
Անդրադառնալով այն փաստին, որ մարտի 26-ին կայանալիք խաղը Հովհաննիսյանի համար հավաքականի կազմում կարող է լինել հոբելյանական 80-րդը` պաշտպանն առանձնացրել է. «12 տարի է, ինչ հանդես եմ գալիս Հայաստանի հավաքականի կազմում ու ամեն անգամ մարզադաշտ մտնելիս հաճելի լարվածություն եմ զգում»:
Չեխիա-Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա մարտի 26-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: