Տավուշի գյուղերի վերաբերյալ տեսակետը հայտնի է. կենսական տարածքները՝ 31 գյուղերի, քննարկումների շրջանակներում է. ԱԳ փոխնախարար

Այսօր խորհրդարանում լրագրողներն Արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանից հետաքրքրվեցին՝ կա՞ն տեղեկություններ, թե Տավուշի գյուղերի հետ կապված իշխանությունն ինչ որոշում է  կայացրել, նա պատասխանեց՝ քննարկումները շարունակվում են։

«Քննարկումները հիմա հանձնաժողովների աշխատանքների շրջանակներում շարունակվում են»,- ասաց Մնացական Սաֆարյանը։

Լրագրողի հարցին՝ կարո՞ղ է հստակ ասել, որ Ոսկեպարի ռազմավարական ճանապարհը, որը Հայաստանը կապում է Վրաստանի հետ, չի հանձնվելու, Մնացական Սաֆարյանը կրկին նույն պատասխանը տվեց՝ ասելով, որ հանձնաժողովներն աշխատում են այս փուլում։

«Մեր նշված հիմքերի հիման վրա, որը հանրայնացվել է՝ քննարկումները շարունակվում են։ Հիմքն Ալմա Աթայի հռչակագիրն է և Խորհրդային ժամանակահատվածում գոյություն ունեցող սահմանը»,- շեշտեց նա։

Կարդացեք նաև

Լրագրողի դիտարկմանը, որ Ալմա Աթան քարտեզ չի ենթադրում, հետևաբար՝ ի՞նչ քարտեզով են առաջնորդվում, փոխնախարարը պատասխանեց, որ դա հիմք է։

«Ինչպես նշել ենք, Խորհրդային Միությունում գոյություն ունեցող ամենաթարմ քարտեզները, և դրա հետ կապված մենք արդեն հայտարարություն արել ենք»,- ընդգծեց Մ. Սաֆարյանը։

Լրագրողի հաջորդ հարցին՝ ինչո՞ւ որոշվեց սահմանազատումն իրականացնել հենց Տավուշի մարզից, ԱԳ փոխնախարարը պատասխանեց, որ դրա վերաբերյալ քննարկումները շարունակվում են։

«Պետք է այդ քննարկումների ամփոփմանը և այսպես վերջնական եզրահանգումներին սպասենք, դրանից հետո…

Մենք էլ մեր դիրքորոշումն ենք հայտնել, հայկական կողմի դիրքորոշումը հանրայնացվել է, որ կենսական տարածքները՝ 31 գյուղերի, նույնպես այս քննարկումների շրջանակներում է։

Քանի որ սահմանազատման աշխատանքները մտնում են գործնական փուլ, կատարվում են որոշակի ուսումնասիրություններ, և այդ քննարկումների ավարտի ժամանակ կհանրայնացնենք այդ տեղեկատվությունը։

Մենք մեր սուվերեն տարածքի բռնազավթման հետ կապված՝ բազմիցս հանդես ենք եկել հայտարարություններով։ Կրկին նշեմ, որ սահմանազատման հանձնաժողովների քննարկումների, աշխատանքների արդյունքները կներկայացվեն»,- եզրափակեց ԱԳ պաշտոնյան։

Տեսանյութեր

Լրահոս