Գլխավոր պայքարը Երևանում է, Կառավարության շենքի մոտ ու Նիկոլ Փաշինյանի դեմ. իշխանությունը Տավուշում անում է այն, ինչ Սյունիքում և Արցախում. Տիգրան Աբրահամյան

Այսօր Հայաստանի նախկին վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին նախագահ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցն է։ Նրա կուսակից ընկերները՝ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, հարազատները, շարքային քաղաքացիներ այցելել էին Պանթեոն՝ իրենց խոնարհումը բերելու  ու հարգանքի տուրք մատուցելու Անդրանիկ Մարգարյանի հիշատակին։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ Անդրանիկ Մարգարյանն իր էությամբ, ամբողջ կյանքով, ազգայինն իր մեջ կրող մարդ էր։

«Նա հայաստանյան իրականության այն քիչ պետական ու քաղաքական գործիչներից էր, որի հետ կապված այսքան տարիներ են անցել, բայց չես հանդիպի որևէ մարդու, ով կարող էր նույնիսկ նրա մասին չեզոք ինչ-որ միտք արտահայտել։ Բոլորը նրա նկատմամբ ունեին բավականին մեծ հարգանք, նա իր տեսակով մարդկանց հաշտեցնող, համախմբող քաղաքական գործիչ էր։ Տեսեք, 17 տարի է անցել, բայց իր արած գործը մարդիկ անընդհատ հիշում ու գնահատում են։ Այն գաղափարները, որոնք կրել է Անդրանիկ Մարգարյանը, փոխանցել է մեր հասարակությանը, նաև այն քաղաքական ուժին՝ ՀՀԿ-ին, որի հիմնադիրներից է եղել ու երկար տարիներ առաջնորդել է։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում մեր իրականության մեջ, այն հարվածները, որոնք տեղում են, առաջին հերթին ուղղված են ազգայինին, մեր արժեքային համակարգին, նման իրավիճակում է, որ տեսնում ու հիշում են գործիչների, որոնք անձամբ այդ ազգայինն իրենց մեջ կրում են»,- Պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Աբրահամյանը։

Պատգամավորի փոխանցմամբ՝ տարբեր առիթներով նշել է, որ հիմնական խնդիրներն այսօր ոչ այնքան քաղաքական են, որքան բարոյական և արժեհամակարգային դաշտում են։ Հետևաբար՝ պատահական չէ, որ ՀՀ օրվա իշխանությունների գլխավոր հարվածը հասցվել է  արժեհամակարգին, պետականության և առհասարակ հասարակության ներսում ստեղծված հարաբերություններին։

Կարդացեք նաև

Խոսելով Տավուշի գյուղերում, մասնավորապես՝ Ոսկեպարում ստեղծված իրավիճակի մասին, որտեղ բնակիչներին թույլ չեն տալիս այցելել իրենց եկեղեցի, Տիգրան Աբրահամյանն ասաց՝ ցավով է ասում, բայց ձեռագիրը, որն իշխանությունը կիրառում է նաև Տավուշի դեպքում՝ կիրառելի է Սյունիքի, Գեղարքունիքի, Արցախի դեպքում։

«Բոլորը պետք է գիտակցեն, հատկապես այն մարդիկ, որոնք մինչև այս պահը հստակ չեն հասկանում կամ գիտակցում, որ գլխավոր պայքարը Երևանում է, Կառավարության շենքում է, գլխավոր պայքարը Նիկոլ Փաշինյանի դեմ է»,- եզրափակեց Տիգրան Աբրահամյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս