Մեր գործունեությունն ուղղված է լինելու հաճախորդների փորձառության բարելավմանը. Սարգիս Խաչատրյան

Նոր պրոդուկտների ներդրումից մինչև հաճախորդների փորձառության բարելավմանը միտված քայլեր, պորտֆելի էական աճ և նոր ռազմավարություն. Կոնվերս Բանկի Կորպորատիվ բանկային ծառայությունների դեպարտամենտի տնօրեն Սարգիս Խաչատրյանի հետ զրուցել ենք նախորդ տարվա ցուցանիշների, հաջողությունների և 2024-ի ծրագրերի մասին:

– Ի՞նչ ցուցանիշներով է 2023-ը ամփոփել Կոնվերս Բանկի Կորպորատիվ բանկային ծառայությունների դեպարտամենտը:

– 2023թ-ին Կորպորատիվ բանկային ծառայությունների դեպարտամենտի գործունեությունը հիմնականում ուղղված է եղել ՓՄՁ ֆինանսավորման համար բարենպաստ միջավայրի զարգացմանը, լիզինգային ֆինանսավորման խթանմանը, ինչպես նաև կորպորատիվ վարկային պրոդուկտների վերանայմանն ու նոր պրոդուկտների ներդրմանը:

Թիմի ջանքերով 2023թ. վերջի դրությամբ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Բանկի կորպորատիվ վարկային պորտֆելն աճել է 18%-ով: 2023թ. լիզինգային ֆինանսավորման խմբի կազմավորման և Converse Leasing պրոդուկտի ներդրման շնորհիվ հատկապես տպավորիչ աճ է գրանցվել լիզինգի ֆինանսավորման ոլորտում:

Եթե դիտարկենք ըստ ոլորտների, ապա մեծ է հատկապես առևտրի, շինարարության և ծառայությունների ոլորտների ընկերությունների ֆինանսավորման ծավալը:

Վերը նշված ցուցանիշները վկայում են բիզնես գործընթացների արդյունավետության, Բանկի առաջարկների նկատմամբ պահանջարկի մասին: Ոչ պակաս կարևոր դերակատարում է ունեցել պոտենցիալ հաճախորդների հետ ամենօրյա շփումը, ֆինանսավորման հարցում ցուցաբերվող ճկունությունը և անհատական մոտեցումը:

– Որո՞նք են Կոնվերս Բանկի սկզբունքներն ու արժեհամակարգը բիզնեսի ֆինանսավորման առումով:

– Կոնվերս Բանկի համար բիզնեսի ֆինանսավորումն ինքնանպատակ չէ. մենք կատարում ենք ներդրում բիզնեսի կայացման և զարգացման համար, բացի ֆինանսավորումը՝ տալով անհրաժեշտ խորհրդատվություն, աջակցելով բիզնեսի ֆինանսավորման լավագույն լուծումը գտնելու հարցում, հաճախորդների հետ անցնելով բիզնեսի կայացման ու զարգացման ողջ ճանապարհը, անհրաժեշտության դեպքում կիսելով պատասխանատվությունն ու ռիսկերը:

Մեր հաճախորդներին առաջարկում ենք շուրջօրյա հասանելիություն սպասարկող մենեջերների հետ, աջակցություն, ճկուն մոտեցումներ:

Կարևորում ենք նաև հենց հաճախորդի նախընտրելի միջավայրում սպասարկումը՝ բացի Բանկ այցելելուց առաջարկելով թվային գործիքակազմ, ինչպես նաև տարբեր պրոդուկտների շրջանակում ֆինանսավորում ստանալու հնարավորություն:

– Ի՞նչ պրոդուկտներով և հնարավորություններով է ներկայանում Կոնվերս Բանկը շուկայում:

Կոնվերս Բանկն այսօր առաջարկում է լայն գործիքակազմ բիզնեսի ամենատարբեր ֆինանսական կարիքները հոգալու համար՝ սկսած տարբեր նպատակայնության և ժամկետայնության վարկավորումից մինչև լիզինգ, ակրեդետիվների թողարկում, միջազգային առևտրի ու գործարքների ֆինանսավորման լայն գործիքակազմ:

Բարեփոխումների ճանապարհին մենք իրականացրել ենք ծավալուն ուսումնասիրություն հաճախորդների շրջանում: Հավաքագրված տվյալների հիման վրա մշակվել է նոր թվային ռազմավարություն. մեր ծառայություններն ու դրանց մատուցման եղանակները լինելու են առավել նպատակային, անհատականացված և ուղղված հաճախորդների փորձառության բարելավմանը:

Մենք շարժվելու ենք բիզնեսի ֆինանսավորման թվային գործիքակազմի ընդլայնման ուղղությամբ, սակայն եթե հաճախորդը խորհրդատվության կամ անմիջական շփման կարիք ունենա, ապա նրան սիրով սպասելու ենք մասնաճյուղերում։

Ինչ վերաբերում է ներկայում գործող թվային լուծումներին, ապա այսօր հաջողությամբ գործում է Կոնվերս Բանկի բիզնես վարկերի առցանց հարթակը՝ sme.converse.am: Հարթակում 24/7 ռեժիմով իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր հաճախորդները կարող են դիմել վարկավորման համար ու սեղմ ժամկետներում ստանալ ներկայացված հայտի նախնական կարգավիճակ:

Արդեն մոտ մեկ տասնամյակ է հաջողությամբ գործում է նաև Converse Business հավելվածը, որի թարմացված տարբերակը հաճախորդներին ենք ներկայացրել վերջերս: Այն տնտեսվարողներին հնարավորություն է տալիս հարմարավետ միջավայրում շուրջօրյա կառավարել բիզնես ֆինանսներն ու իրականացնել տարատեսակ գործառնություններ:

Նշված երկու թվային լուծումն էլ պարբերաբար թարմացվում են, հարմարեցվում ժամանակի և հաճախորդների պահանջմունքներին:

– Որո՞նք են լինելու Բանկի գործունեության հիմնական ուղղությունները 2024-ին և ի՞նչ ակնկալիքներ ունեք:

– 2024-ին մեր գործունեությունն ուղղված է լինելու թվային գործիքակազմի ընդլայնմանը, Բանկի՝ բիզնեսի ֆինանսավորման տեսանկյունից գրավչության բարձրացմանը: Քայլեր կձեռնարկվեն ֆինանսավորման գործող պայմանների բարելավման ուղղությամբ, ինչի շնորհիվ Կոնվերս Բանկը շուկայում հանդես կգա նոր մրցունակ պրոդուկտներով և առաջարկներով՝ հաճախորդներին տալով ֆինանսավորման լայն հնարավորություններ:

Կարծում եմ՝ փոփոխությունները դրական կընկալվեն հաճախորդների կողմից, ինչը կարտացոլվի 2024-ի արդյունքների վրա պորտֆելի աճի տեսքով:

 

Տեսանյութեր

Լրահոս