
Մետաղի դետեկտորներ են գնել 30 միլիոն դրամով

Փաշինյանի աշխատակազմը հերթական անգամ բյուջեից գումար է հատկացրել ընդհանուր նշանակության սարքավորումներ գնելու նպատակով։
Նախ 2023 թվականին դրոշակաձող (1 հատ) և մետաղի դետեկտորներ (4 հատ) գնելու համար հայտարարել և կազմակերպել են մրցույթ, արդյունքում՝ ընտրվել են ընկերություններ, որոնք մատակարարել են նշված ապրանքները, պարզվել է, սակայն, որ դրոշակաձողի և մետաղի դետեկտորների տեղադրման, կարգավորման ընթացքում ի հայտ են եկել տեխնիկական խնդիրներ, որոնց պատճառով պատասխանատու ստորաբաժանումները տվել են բացասական եզրակացություններ, ինչպես նաև ողջամիտ ժամկետներ՝ արձանագրված թերությունները վերացնելու համար:
Դրոշակաձող մատակարարող ընկերությունը կարգաբերումները կատարել է, իսկ մետաղի դետեկտորներ մատակարարող ընկերության հետ կնքված պայմանագիրը միակողմանի լուծվել է։
2024 թվականին կազմակերպվել է նոր գնման գործընթաց, ինչից հետո Փաշինյանի աշխատակազմին 30,400.0 հազար դրամ է հատկացվել դրանք գնելու համար։