10 ռադիոալիք կլծվի Փաշինյանին հերոսացնելու գործին
Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի Հանրապետության այն միակ ղեկավարը, որ հայկական երկու հանրապետություններից մեկը հանձնել է Ալիևին, իսկ մյուսը՝ փոքրացրել մի քանի հարյուր քառակուսի կիլոմետր տարածքով, հիմա էլ որոշել է փիառվել ՀՀ հարկատու քաղաքացիների վճարած հարկերի հաշվին, որոնցից Կառավարությունը բաժին է հանում Փաշինյանի քաղաքականության հետևանքով տնազուրկ ու գաղթական դարձած Արցախի մեր հայրենակիցներին։
Պարզվում է՝ Արցախից Հայաստան բռնի տեղահանված մեր քաղաքացիներին տված օգնությունների մասին Կառավարության նիստերին ժամերով խոսելը, ասֆալտապատված փողոցների հասցեներն էջերով կարդալը, կտուր և խողովակաշար փոխելու վերաբերյալ դիֆերամբներ ձոնելը Փաշինյանը համարում է անբավարար, ուստի բացը լրացնելու համար առաջարկում է դրանց մասին պատմել նաև ռադիոալիքներով։
Այդ նպատակով Փաշինյանի աշխատակազմը չզեկուցվող նախագծով հաստատել է, որ իրենց «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ռադիոեթերաժամի հատկացման ծառայությունների ձեռքբերման համար կազմակերպվի գնման մրցույթ, ինչի արդյունքում ռադիոեթերաժամանակի հատկացման ծառայությունների առավելագույնը 10 ռադիոընկերություններից ձեռք կբերվի ռադիոեթերաժամ, որոնց ընթացքում կհեռարձակվեն ՀՀ կառավարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերը, բարեփոխումները, կարևոր օրենսդրական փոփոխություններն իրազեկող ձայնային հոլովակներ։
Դե ինչ, Տավուշի մարզից Ադրբեջանին տարածքների հանձնում պլանավորող իշխանությունը հիմա նաև 10 ռադիոալիքով քաղաքացիներին հպարտությամբ կպատմի դպրոց ու բակ նորոգելու, ասֆալտ փռելու, ջրագիծ փոխելու և այգի բարեկարգելու իր ունակությունների մասին, ունակություններ, որոնք առոչինչ են, երբ այդ նույն դպրոցն ու բակն ապահով պահող լեռներն ու ձորերը, ճանապարհներն ու գյուղերը հանձնում են թշնամուն։