ԵՄ ղեկավարներն Իսրայելին կոչ են արել զերծ մնալ Ռաֆահում ցամաքային գործողություն ձեռնարկելուց
ԵՄ երկրների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում քննարկել են իրադրությունը Մերձավոր Արևելքում՝ կոչ անելով կայուն հրադադարի և Գազայի հատված հումանիտար օգնության մատակարարման: Այս մասին նշված է ԵՄ երկրների ղեկավարների հայտարարության մեջ։
«Եվրոպական խորհուրդը կոչ է անում անհապաղ մարդասիրական դադար հաստատել, որը պետք է հանգեցնի կայուն հրադադարի, բոլոր պատանդների անվերապահ ազատման և մարդասիրական օգնության մատակարարման», – ասվում է Բրյուսելում կայացած գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներին նվիրված հայտարարության մեջ։
Եվրոպական խորհուրդը նաև Իսրայելի կառավարությանը կոչ է անում «ցամաքային գործողություն չձեռնարկել Ռաֆահում»` Գազայի հատվածի հարավում, քանի որ դա «կվատթարացնի արդեն իսկ աղետալի հումանիտար իրավիճակը»։
Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքում ապաստանել է ավելի քան 1 միլիոն պաղեստինցի։
Եվրոպական խորհուրդը նաև հայտարարել է, որ աջակցում է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությանը, որի մի քանի անդամների մեղադրել են պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժմանն աջակցելու մեջ։ Եվրոպական խորհուրդը ողջունել է ՄԱԿ-ի կողմից այս մեղադրանքների առնչությամբ ներքին հետաքննության անցկացումը։
Գազայի հատվածում պատերազմը սկսվել է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին՝ այն բանից հետո, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալները ներխուժեցին Իսրայել՝ սպանելով 1200 մարդու, գերեվարելով 253-ին։ Իսրայելն այդ հարձակումից հետո ռազմական գործողություններ է սկսել անկլավում, որի հետևանքով զոհերի թիվն, ըստ տեղի իշխանությունների, մոտենում է 32 000-ի: